Գերմանական Süddeutsche Zeitung պարբերականը հոդված է հրապարակել Ալիևի բռնապետական ռեժիմի մասին, որում նշվում է, որ Ադրբեջանում Իլհամ Ալիևն իր խնդիրները լուծում է ուժի միջոցով, իսկ արտասահմանում՝ «խավիարային դիվանագիտությամբ»:
Ալիևը փոխել է Սահմանադրությունը՝ իշխանության ղեկին հավերժ մնալու համար: Ընտրություններում հաղթում է բացառապես մանիպուլյացիաների օգնությամբ: Երկրում ձերբակալվում են ընդդիմադիր գործիչներ, իշխանության քննադատներ ու իրավապաշտպաններ:
Պարբերականը մասնավորապես անդրադարձել է «խավիարային դիվանագիտությանը», մասնավորապես՝ այն հանգամանքին, որ կիլոգրամներով խավիարն օգնում է թաքցնել Ալիևի ռեժիմը, երկրում նրա կողմից մարդու իրավունքների խախտումները և ընտրակեղծիքները:
Հոդվածն անդրադարձել է նաև այն փաստին, որ Իլհամ Ալիևն իշխանությունը ստացել է հորից: Շատերն են պնդում, որ այն ժամանակ Իլհամ Ալիևը խաղամոլ էր: Ադրբեջանում բոլոր խաղատները փակվեցին 1997-ին, որովհետև Հեյդար Ալիևը ցանկանում էր վերահսկել որդու կախվածությունը: Նշվում է, որ անցյալ տարի նրան հաջողվեց անել այն, ինչը չկարողացավ նրա հայրը: Ադրբեջանական զինված ուժերը վերահսկողություն սահմանեցին Լեռնային Ղարաբաղի մի մասում: Այս պատերազմը կարծես լավ մտածված քաղաքականություն լիներ երկրի ներսում, սակայն դրսից՝ միանգամայն, ռիսկային: Խաղամոլ Ալիևի բախտը բերեց: