Ազնավուր կենտրոնի մուտքը, որ պիտի հասցներ դեպի մեծ շանսոնյեի աշխարհ, հիմա հիշեցնում է Շառլ Ազնավուրի բարեգործությունների մասին: Կենտրոնը դեռ այսքան ծանրաբեռնված չէր եղել: 105 տոննա օգնությունը Ֆրանսիայից՝ ծովային ճանապարհով, հասել է Վրաստան, հետո միայն տեղափոխվել Հայաստան: Հիմա «Ազնավուր» հիմնադրամում է տեղավորված հումանիտար փաթեթների մի մասը:
Բժշկական պարագաներից մինչև հագուստ և հիգիենայի պարագաներ: Պատերազմի առաջին օրերից Ֆրանիսայում և Շվեյցարիայում 50 կազմակերպության, Շառլ Ազնավուրի որդու՝ Նիկոլա Ազնավուրի և նրա կնոջ՝ Քրիստինա Ազնավուրի հետ 100-ից ավելի նվիրատուներ 19 տարբեր կենտրոններում հավաքեց ավելի քան 175 տոննա մարդասիրական օգնություն: Հավաքված բեռի առաջին 70 տոննան, Հայաստան հասավ նույնիսկ Ֆրանսիայի արտգործնախարարության պատվիրակության հետ՝ հատուկ չվերթներով:
Այդ օգնության մի մասը հասավ հիվանդանոցներ, մյուսը՝ «Ազնավուր» հիմնադրամն ուղարկեց անմիջապես պատերազմից տուժած ընտանիքներին: Նույնը կանեն նաև հիմա:
Հումանիտար օգնության այս աննախադեպ քանակը Երևանի սրտում գտնվող «Ազնավուր» կենտրոնում չտեղավորվեց, մի մասը պահեստներում է, իսկ հիմա պետք է ճանապարհ ընկնի՝ ուղղությունը՝ Արցախ ու Սյունիք:
Այս առաքելությունից հետո էլ հիմնադրամը նոր ծրագրեր ունի՝ կզբաղվի նաև վերականգնողական աշխատանքներով: Եվ մինչև այս փաթեթները Ազնավուրի շնչով կհասնեն Արցախ ու պատերազմից տուժած մեր հայրենակիցներին, կտանեն նաև Ազնավուրի հույսը՝ որ գարունները կբացվեն նորից, որ լավ օրերը հետ կգան նորից: