Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է ձեռնամուխ լինել Հայաստանում ֆուտզալի զարգացմանը: Այդ տեսանկյունից այսօր հայկական ֆուտզալում նշանակալից օր է: Հավաքական թիմերի մարզական կենտրոնը նվազագույնը 5 տարով վարձակալությամբ տրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, որը կդառնա ֆուտզալի Հայաստանի հավաքականի տեխնիկական կենտրոն:
Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Գարիկ Սարգսյանն ու ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն այսօր շրջեցին հավաքական թիմերի մարզական կենտրոնում, որը հանձնման-ընդունման վերջին փուլն էր՝ պայմանավորվածության համաձայն: Նախկին վարձակալը, Գարիկ Սարգսյանի խոսքով, արդյունավետ չի օգտագործել համալիրը, իսկ ՀՖՖ-ի ծրագրերն առավել քան հավակնոտ են:
Վարձակալությունը նախատեսված է նախնական 5 տարով: Այդ ընթացքում ՀՖՖ-ն պետք է 150 մլն դրամի ներդրում կատարի: Վարձակալությունը հետագայում կարող է երկարացվել ևս 5 տարով՝ այս անգամ 210 մլն դրամ ներդրումի պայմանով: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն այս ծրագիրն անկյունաքարային է համարում՝ ֆուտզալի զարգացման գործում:
Ֆուտզալի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչն էլ վստահեցնում է, որ տարիներ անց մեր հավաքականը կախված չի լինի արտասահմանցի ֆուտզալիստներից, քանի որ կլինի արժանի հերթափոխ:
Համալիրը նախկինում օգտագործվել է նաև այլ մարզաձևերի համար, սակայն Մելիքբեկյանը նշում է, որ պլաններում, առայժմ, քանի դեռ լինելու է մեկ խաղադաշտ, դահլիճն այլ մարզաձևի ներկայացուցիչներին վարձակալությամբ չի տրվի, սակայն հետագայում խաղադաշտերի ավելացման հետ մեկտեղ հնարավոր է գործի նաև այդ տարբերակը: