Թբիլիսիի կլինիկայում մահացել է 27-ամյա բուժքույր Մեգի Բաքրաձեն, որը նախորդ օրը կոմայի մեջ էր ընկել կորոնավիրուսի դեմ AstraZeneca-ով պատվաստումից հետո՝ գրում է aliq-ը:
Մահացածի հարազատները լրագրողներին հայտնել են, որ բժիշկները չեն կարողացել փրկել բուժքրոջը, նրա սիրտը կանգ է առել: Վրաստանի առողջապահության նախարարության կարգավորող գործակալությունը դեպքի հետ կապված քննություն է սկսել:
Սա երկրում Քովիդ-19 դեմ պատվաստման շրջանակում առաջին լուրջ կողմնակի ազդեցությունն է: Երկրում 2000-ից ավելի բուժաշխատող արդեն պատվաստվել է, մի մասի դեպքում ջերմություն ու ընդհանուր թուլություն է նկատվել, թեև, մասնագետների կարծիքով, անհանգստանալու առիթ չկա:
Առողջապահության նախարար Եկատերինա Թալակվաձեն լրագրողներին ասել էր, որ հիվանդի մոտ առաջացել է անաֆիլակտիկ ցնցում: Նախարարը միաժամանակ հաստատել է, որ Վրաստանում բրիտանա-շվեդական AstraZeneca պատվաստանյութով պատվաստումները կշարունակվեն: