Վրաստանում մեկ այլ բուժաշխատողի մոտ AstraZeneca-ով պատվաստվելուց հետո անաֆիլակտիկ ցնցում է առաջացել, հաղորդել է վրացական «Ռուսթավի -2» հեռուստաընկերությունը:
Կնոջ վիճակը ներկայումս կայուն է, և նրա կյանքին վտանգ չի սպառնում, վստահեցել են կլինիկայի բժիշկները:
Միաժամանակ Վրաստանի առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարը լրագրողներին ասել է, որ այս դեպքում դեռ հաստատված չէ անաֆիլակտիկ ցնցումը:
Ըստ նրա՝ կողմնակի ազդեցություններն ուսումնասիրելու համար կոմիտեն պետք է համապատասխան եզրակացություն անի: «Հաստատում եմ, որ սուր ալերգիկ ռեակցիա է եղել, բայց դեռ պետք է հաստատել՝ անաֆիլակտիկ ցնցում եղե՞լ է, թե՞ ոչ: Հիմա հիվանդն իրեն լավ է զգում»,- ասել է Գամկրելիձեն:
Նախորդ օրը՝ մարտի 18-ին, Վրաստանի Ախալցխա քաղաքում AstraZeneca-ով պատվաստվելուց հետո բուժքույրն ընկել է կոմայի մեջ, նրա մոտ անաֆիլակտիկ ցնցում է առաջացել: Իսկ այսօր լուր տարածվեց, որ բուժքույրը մահացել է:
Վրաստանի առողջապահության նախարարությունը, այնուամենայնիվ, հայտարարել է, որ մտադիր չէ դադարեցնել AstraZeneca-ով պատվաստումների գործընթացը: