Սյունիքի մարզի դատախազությունում անցկացվել է օպերատիվ խորհրդակցություն՝ մարզի տարածքում բնակարանային գողությունների, անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների դեմ կանխարգելիչ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու, ինչպես նաև 2020 թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերզված ագրեսիայից պաշտպանվելու նպատակով մարզի բնակչությանը հատկացված զենք-զինամթերքի հավաքագրման, հաշվառման, դրանց հետագա պահպանության միջոցառումների օրակարգով:
Մարզի դատախազի կողմից անցկացված խորհդրակցությանը մասնակցել են նաև ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետը, մարզի Գորիս, Կապան, Տաթև և Մեղրի խոշորացված համայնքների ղեկավարները:
Խնդիր է դրվել քարտեզագրել բնակարանային գողությունների կատարման համար ռիսկային բնակավայրերը, միջոցներ ձեռնարկել բազմաբնակարան շենքերի մուտքերի դռները կոդավորվող փականներով հագեցնելու ուղղությամբ, բնակավայրերում ավելացնել տեսախցիկների թիվը, ինչը կարևոր նշանակություն կարող է ունենալ նաև այլ հանցագործությունների կանխման, բացահայտման առումով:
Նշվել է, որ ռիսկային համարվող տեղանքներում՝ բազմաբնակարան շենքեր, առանձնատնային գոտիներ մուտք գործող խաչմերուկներում, հրապարակներում, զվարճանքի կենտրոններում, վարչական տարածքների մուտքային և ելքային հատվածներում և այլ վայրերում գործարկվել է ընդհանուր 89 տեսախցիկ:
Համայնքապետերը պատրաստակամություն են հայտնել միջոցներ ձեռնարկել բազմաբնակարան շենքերի մուտքերը կոդավորված փականներ ունեցող դռներով կահավորելու, համայնքի, հնարավոր բարերարների աջակցությամբ ինչպես Մ-2 միջպետական մայրուղում, այնպես էլ վերոնշյալ անհրաժեշտ վայրերում տեսախցիկներ ավելացնելու ուղղությամբ։
Անչափահասների կողմից կատարված հանցագործությունների նախականխման ու կանխարգելման շրջանակներում ՀՀ Սյունիքի մարզային ոստիկանությանը հանձնարարվել է առավել ակտիվացնել համապատասխան պրոֆելակտիկ աշխատանքները անչափահասների հետ, ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից հաճախակի դարձնել դպրոցներ, այլ հաստատություններ այցելությունների, անչափահասների հետ դաստիարակչական, իրազեկման, կրթական բնույթի հանդիպումների կազմակերպումը, մեծացնել հանցավոր հակումներ ունեցող անչափահասների վարքագծի նկատմամբ հսկողությունը: Կարևորվել է համայնքներում անչափահասների ներգրավմամբ և նրանց առօրյան կազմակերպելու համար մարզական, մշակութային միջոցառումների կազմակերպումը:
Մանրամասն քննարկման առարկա են դարձել պատերազմի ընթացքում մարզի բնակավայրերի պաշտպանության կազմակերպման նպատակով մարզի բնակիչ կամավորականներին հատկացված զենք-զինամթերքի հավաքագրման և պահպանման խնդիրները՝ որպես հրազենի գործադրմամբ հանցագործությունների, զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության կանխարգելման, հասարակական կարգին սպառնացող հնարավոր վտանգները չեզոքացնելու կարևոր նախապայման: Նման գործընթացի հետևողական իրականացման հանձնարարությունը տվել էր ՀՀ գլխավոր դատախազը՝ 2021թ.-ի փետրվարի սկզբին Սյունիքի մարզի դատախազության տարեկան աշխատանքների ամփոփման ժամանակ:
Ըստ այդմ՝ խորհրդակցության ընթացքում մարզի դատախազության կողմից շեշտվել է կամավորականներին հատկացված զենք-զինամթերքի հավաքագրման, հաշվառման գործըթնացի արագացումը, դրանց հետագա պահպանման նպատակով զինանոցների կառուցումը և բաշխված զենք-զինամթերքի շրջանառության խստիվ կանոնակարգումը: Այս առումով խնդիր է դրվել համագործակցել մարզում տեղակայված ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների հետ։
Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ պարբերաբար հրավիրվող խորհրդակցություններ՝ գործընթացի արդյունքները քննարկելու, հընթացս առաջացող խնդիրները հնարավորինս արագ և համակարգված ձևով լուծելու, այս ոլորտում համագործակցությունն ակտիվացնելու նպատակով: