Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային:
Նախարար Բադասյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին Նախարարություն կատարած այցի համար և բարձր գնահատել Ճապոնիայի Կառավարության ջանքերը՝ Կիոտո քաղաքում տեղի ունեցած ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 14-րդ կոնգրեսի աշխատանքները գերազանց կազմակերպելու համար։
Հիշեցնենք, որ Ռուստամ Բադասյանը, Կոնգրեսում ունեցած ելույթի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել էր նաև 2020 թվականի սեպտեմբերին Թուրքիայի հովանավորչությամբ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված լայնամասշտաբ ռազմական ագրեսիային՝ նշելով, որ այդ 44 օրերի ընթացքում հայ ժողովուրդն ականատես է եղել միջազգային կոնվենցիաների կոպիտ խախտումների։
Դեսպանի հետ զրույցում նախարար Բադասյանը կրկին շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը՝ Արցախյան պատերազմի հետևանքները չեզոքացնելու նպատակով Հայաստանին տրամադրած 3,6 մլն դոլարի հումանիտար օգնության համար և անդրադարձել Ճապոնիայի արդարադատության նախարար Յոկո Կամիկավայի հետ հանդիպման արդյունքներին։
Դեսպան Ջուն Յամադան կարևորել է երկու երկրների նախարարների հանդիպումն ու ուղիղ երկխոսություն սկսելու հնարավորությունը և տեղեկացրել, որ, թեև ավարտում է ՀՀ-ում իր դիվանագիտական առաքելությունը, սակայն դժվարությամբ է հեռանալու Հայաստանից և «սիրտը թողնելու է Հայաստանում»։
Ռուստամ Բադասյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին ի շահ Հայաստանի և Ճապոնիայի համագործակցության անձնական ներդրման համար և նորանոր ձեռքբերումներ մաղթել դիվանագիտական գործունեության ընթացքում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում համագործակցության հեռանկարները։