ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ մարտի 22-25-ը «Ասպար Արմս» հրաձգարանում տեղի կունենա պետական մարմինների աշխատողների միջև հրաձգության հանրապետական մրցույթ:
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն այս մրցույթի անցկացմամբ նպատակ ունի պետական մարմինների աշխատողների շրջանում խթանել առողջարարական, մարզական աշխատանքները, նպաստել նրանց՝ հայրենիքի պաշտպանության գործին ըստ անհրաժեշտության լավագույնս պատրաստ լինելուն, մարզաձևի մասսայականացմանը, ինչպես նաև մասնակիցների շրջանում զարգացնել զենքի ճիշտ օգտագործման, արագ կողմնորոշվելու ունակությունները:
Մրցույթին մասնակցելու է ՀՀ նախագահի աշխատակազմի, ՀՀ նախարարությունների, ՀՀ կառավարությանն առընթեր պետական մարմինների, ՀՀ մարզպետարանների և տեղական ինքնակառավարման մարմինների 396 աշխատակցից կազմված 58 թիմ: Մասնակիցները կմրցեն անհատական (տղամարդիկ, կանայք) և թիմային հաշվարկով:
Անհատական պայքարում 1-3-րդ տեղերը գրաված մասնակիցները կպարգևատրվեն հավաստագրերով, մեդալներով, գավաթներով, հուշանվերներով և մարզահագուստով, իսկ լավագույն արդյունք գրանցած կանայք և տղամարդիկ համապատասխանաբար կստանան նաև օդամղիչ ատրճանակ և օդամղիչ հրացան: Թիմային հաշվարկով մրցանակակիր կանանց և տղամարդկանց թիմերը ևս կպարգևատրվեն գավաթով և հավաստագրերով: