Փետրվարի մեկից կառուցվում է Ստեփանակերտ-Մարտունի 35 կիլովոլտ լարմամբ նոր հոսանքագիծը: 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի Մարտունու շրջանը սնուցող բարձրավոլտ օդային գծի մի մասը մնացել է Ադրբեջանի հսկողության տակ: Նոր գծի երկարությունը կլինի 38 կիլոմետր:
Վահրամ Խաչատրյան («Արցախէներգո» ՓԲԸ գլխավոր ինժեներ) - Աշխատանքները կատարվում են 7-օրյա ռեժիմով, չկա շաբաթ-կիրակի, աշխատում ենք ամեն օր: Եթե եղանակը թույլ տա, բարեհաջող լինի, ինչպես պլանավորված է՝ կհասցնենք ավարտին:
Բարձրավոլտ հոսանքագծի վթարված հատվածները նորոգելուց հետո հարևան բնակավայրերից Մարտունու շրջան է բերվել երեք 10 կիլովոլտ լարմամբ հոսանքագիծ՝ էներգամատակարարումը դարձնելով 24-ժամյա:
Մասիս Սուլեյմանյան («Վարանդա» ցանցի տնօրեն) - Վերջին օդային գիծը կառուցվել է հունվարի 16-ին:
24-ժամյա էներգամատակարարմամբ, սակայն, Մարտունիում խնդրի մի մասն է լուծվել: Լարումը ցածր է, չի ապահովում սպառողներին անհրաժեշտ հզորությունը:
Մասիս Սուլեյմանյան - Տվյալ լարման պայմաններում նույնիսկ լվացքի մեքենաներ կամ ուրիշ որևէ արտեզյան ջրհորներ կամ տարբեր սարքավորումներ հնարավոր չէ օգտագործել:
«Արցախէներգո» ընկերությունից վստահեցնում են՝ հիմա Մարտունիում էլեկտրաէներգիայի մատակարարումն ավելի քիչ է խափանվում: Խնդիրը վերջնական լուծում կստանա մայիսի վերջին, երբ կառուցվի Արցախի վերահսկողությունից դուրս մնացած՝ 35 կիլովոլտ հոսանքագծին փոխարինող հատվածը:
Վահրամ Խաչատրյան - Մայիսի վերջին կփորձենք ավարտին հասցնել և ամբողջությամբ Մարտունու շրջանի էներգամատակարարումն ամբողջությամբ վերականգնել:
Այժմ ընկերության խմբերն աշխատում են Ասկերանի շրջանում՝ Քռասնի գյուղից ոչ հեռու: