Ճապոնիայի կառավարությունը դրամաշնորհային աջակցության երկու ծրագրեր կիրականացնի Մարգահովիտ և Նոյեմբերյան համայնքներում: Այդ նպատակով այսօր ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել դրամաշնորհների պայմանագրերի ստորագրման արարողություն:
Պայմանագրերը ստորագրել են ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան, «Մարգահովիտի երիտասարդական կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Էմիլիա Մարտիրոսյանը և Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ երկու նախաձեռնություններն էլ կարևոր են տարածքային համաչափ զարգացման, մարզերում աղքատության հաղթահարման, ՀՀ գյուղական և մարզային համայնքներում կրթական հնարավորությունների ու սոցիալական ծառայությունների ընդլայնման, մարզական կյանքի աշխուժացման տեսանկյունից: Դրանք, ըստ փոխնախարարի, ՀՀ կառավարության որդեգրած
մոտեցումներն են:
«Հաջորդ կարևոր գործոնն այն է, որ Ճապոնիայի կառավարությունը շարունակական աջակցություն է տրամադրում մեր երկրին: Հատկանշական է նաև, որ նախաձեռնությունների կրողը տեղի կառույցներն են: Մարգահովիտում իրականացվելիք ծրագրի միջոցով կաշխուժանա ոչ միայն տվյալ համայնքի, այլև հարակից համայնքների կյանքը: Նոյեմբերյանում իրականացվելիք ծրագրի նախաձեռնությունը պատկանում է Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդարանին: Այս ծրագիրը կարևոր է սոցիալական ծառայությունների տրամադրման, կանանց աշխատանքի տեղավորման հեռանկարների, ինչպես նաև լրացուցիչ և շարունակական, մասնավորապես, արհեստագործական կրթության ընդլայնման տեսանկյունից, որի շնորհիվ երիտասարդները հնարավորություն կունենան ստանալու համապատասխան հմտություններ և աշխատանք գտնելով հայրենի մարզում՝ արարել, ստեղծագործել ու ամրացնել այն»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը և հավելել, որ ԿԳՄՍ նախարարությունը մշտապես պատրաստակամ է հնարավորինս աջակցել նախագծերի հաջող իրականացմանը:
ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան իր հերթին ընդգծել է, որ երկու ծրագրերը կիսում են մեկ ընդհանուր նպատակ՝ աջակցել մարդկանց կյանքի բարելավմանը, որն անչափ կարևորում է Ճապոնիայի կառավարությունը: «Հույս ունեմ, որ այս երկու ծրագրերը կմարմնավորեն մեր երկու երկրների միջև բարեկամությունը և
հարաբերությունների ամրապնդումը»,- նշել է դեսպանը՝ հաջողություն մաղթելով նախագծերում ներգրավված բոլոր կողմերին:
Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն ասել է, որ սա երկրորդ նմանօրինակ նախաձեռնությունն է Տավուշի մարզում. առաջինն Իջևանի կենտրոնն է, որը բավականին հաջողություններ է գրանցել, և այդ գործընթացում մեծ մասնակցություն ունի Ճապոնիայի դեսպանությունը:
«Այս նախաձեռնության շնորհիվ իրականանում է մի ամբողջ գյուղի երազանք, որովհետև յուրաքանչյուր երեխա ավելի լավ կյանքի իրավունք ունի: Խաղահրապարակը նաև ներառական է լինելու, և հաշմանդամություն ունեցող երեխաները ևս այցելելու և իրենց առողջ ապրելակերպն այնտեղ կազմակերպելու հնարավորություն կունենան»,- նշել է «Մարգահովիտի երիտասարդական կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Էմիլիա Մարտիրոսյանը:
«Մարգահովիտ գյուղի դպրոցին մարզասարքերի տրամադրման» դրամաշնորհային ծրագրի շրջանակում 21.300 ԱՄՆ դոլար կտրամադրվի «Մարգահովիտի երիտասարդական կենտրոն» ՀԿ-ին՝ աշակերտների և մեծահասակների համար Մարգահովիտի դպրոցում խաղահրապարակ ու մարզվելու տարածք կառուցելու, համայնքում առողջ ապրելակերպը խրախուսելու և աշակերտների համար առավել նպաստավոր կրթական միջավայր ապահովելու նպատակով: Խաղահրապարակը և մարզվելու տարածքը նախատեսված են համայնքի՝ ավելի քան 400 աշակերտների և 3000 մեծահասակների համար:
«Նոյեմբերյանում կանանց և երիտասարդների համայնքային կենտրոնի ստեղծման» ծրագրի շրջանակում 70.955 ԱՄՆ դոլար կտրամադրվի Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմին՝ Նոյեմբերյանում համայնքային սոցիալական-կրթական կենտրոն ստեղծելու նպատակով: Այն կծառայի քաղաքի և շրջակա գյուղերի բնակչությանը: Արդյունքում՝ ավելի քան 200 երեխա և երիտասարդ կստանան մասնագիտական (արհեստագործական) վերապատրաստման հնարավորություններ, իսկ շուրջ 50 մեծահասակ՝ սոցիալական աշխատանքի ծառայություններ: Կենտրոնը կմատուցի նաև կրթական և սոցիալ-հոգեբանական ծառայություններ` ներգրավելով տարեկան առնվազն 1000 շահառուի՝ ներառյալ երեխաներին, երիտասարդներին, կանանց և անապահով ընտանիքներին:
Դրամաշնորհային նախագծերն իրականացվում են «Մարդկային անվտանգության Grassroots» ծրագրի շրջանակում։