Հուլիսի 1-ից առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը՝ դիմում-բողոքների հիման վրա ու նաև առանց դրանց, իրավասու կլինի պարզել՝ արդյոք գործատուն խախտել է աշխատակիցների իրավունքը:
Աշոտ Հարությունյան (ՀՀ ԱԱՏՄ աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար) - Եթե նախկինում կատարվում էր միայն աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման նկատմամբ պլանային ստուգումներ, ապա 2021 թվականի հուլիսից հետո, կիրականացվեն պլանային ստուգումներ նաև մյուս հարցերի վերաբերյալ` աշխատանքային պայմանգրերի կնքման կարգի վերաբերյալ, աշխատավարձի հաշվարկման վճարման կարգի վերաբերյալ, աշխատաժամանակի և հանգստի ռեժիմի պահպանման վերաբերյալ:
Մինչև նոր փոփոխությունն աշխատանքային իրավախախտումների վերաբերյալ ստուգումներն իրականացվում են ստացված բողոք-դիմումների հիման վրա: Աշխատանքային իրավունքի փորձագետ Մարատ Ատովմյանի համոզմամբ ոլորտը վաղուց կարգավորման կարիք ուներ:
Մարատ Ատովմյան (փաստաբան, աշխատանքային իրավունքի փորձագետ) - Շատ դեպքերում աշխատողները չեն փորձում իրենց իրավունքների մասին բարձրաձայնել աշխատանքը չկորցնելու առումով, նաև խնդիր կա իրազեկման թե՛ գործատուների, թե՛ աշխատողների շրջանում, աշխատանքային օրենսդրության մասին վատատեղյակ են ոմանք:
Մարատ Ատովմյանի խոսքով՝ աշխատանքային իրավունքի խախտումները համատարած բնույթ են կրում՝ հիմնականում մասնավոր ոլորտում:
Մարատ Ատովմյան - Զարգացած երկրներում, ինչպիսիք են Ֆրանսիան, Գերմանիան և այլն, 150 տարուց ավելի է՝ գոյություն ունի աշխատանքի տեսչությունը, և շատ դեպքերում գործատուները այդ երկրներում ավելի շատ են վախենում աշխատանքի տեսչությունից, քան հարկային տեսչությունից:
Քանի դեռ չի գործում նոր մեխանիզմը, քաղաքացին ինչպե՞ս կարող է ահազանգել իր ոտնահարված իրավունքների մասին: Նախ՝ անհրաժեշտ է գրել օնլայն դիմում-բողոք e-request.am հարթակի միջոցով կամ հենց տեսչականի պաշտոնական էլեկտրոնային հասցեին [email protected]: Դիմումը տեսչական մարմին մուտքագրելու պահից վարչական վարույթը համարվում է սկսված, կողմերը ծանուցվում են, այնուհետև տեսչական մարմինն իրականացնում է զննում այդ կազմակերպությունում և կազմում է զննման արձանագրություն:
Տաթև Համբարձումյան (ՀՀ ԱԱՏՄ աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության ավագ տեսուչ) - Վարչական իրավախախտումների բացակայության դեպքում վարույթը կարճվում է, իսկ իրավախախտման հայտնաբերման դեպքում տրվում է այն վերացնելու նպատակով կարգադրագիր:
Գործատուին տրվում է համապատասխան ժամանակ խախտումը վերացնելու համար: Հակառակ դեպքում իրավախախտում թույլ տված անձը կամ կազմակերպությունը ենթարկվում է վարչական տույժի: Համավարակի պայմաններում, օրինակ, առավել շատ դիմում բողոքներ են ստացել առևտրի, հյուրանոցային սպասարկման ոլորտից:
Նախորդ տարի հուլիսից մինչև տարեվերջ աշխատանքային իրավունքի խախտման վերաբերյալ 95 դիմում բողոք է ստացվել: Դիմումների կեսից ավելին վերաբերել են վերջնահաշվարկ չկատարելուն, չօգտագործված ամենամյա արձակուրդի համար դրամական փոխհատուցում չվճարելուն: 45-ը՝ վերջնահաշվարկ չկատարելուն կամ սահմանված ժամկետում աշխատավարձ չվճարելուն: 20-ը՝ պայմանագրի կարգը չպահպանելուն, 30-ը՝ օրենսդրությամբ սահմանված այլ պահանջները խախտելուն:
Հարուցված վարչական վարույթների էական մասը կարճվել է, քանի որ վարույթի ընթացքում գործատուն շտկել է խախտումը: Տեսչական մարմնից վստահեցնում են՝ օրենսդրական փոփոխության ընձեռած նոր գործիքակազմով կնպաստեն, որ երկրում աշխատանքային իրավունքի ոտնահարման դեպքերը նվազեն: