Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տեղեկացնում է, որ 2021 թվականի մարտի 19-ին հայտարարագրերի լրացման էլեկտրոնային համակարգն անհասանելի է դարձել: Մարտի 19-ին տրամադրված գաղտնաբառերը վավեր չեն, համակարգն ավտոմատացված կարգով ծանուցել է հայտարարատուներին՝ տրամադրելով սխալ մուտքանուններ և գաղտնաբառեր:
Այդ գաղտնաբառերն անհապաղ ոչնչացվել են, և դրանք այլևս վավեր չեն: Անմիջապես կասեցվել է նաև համակարգի հասանելիությունը, որպեսզի բացառվի այդ մուտքանուններով և գաղտնաբառերով համակարգ մուտք գործելը կամ ցանկացած այլ գործողություն իրականացնելը:
Հանձնաժողովն այս կապակցությամբ հայցում է հայտարարատուների ներողամտությունը և վստահեցնում, որ այդ մուտքանուններով և գաղտնաբառերով տվյալների օգտագործման հնարավորությունները բացառված են։
Այն հայտարարատուները, ովքեր ստացել են սխալ մուտքանուն և գաղտնաբառ, առաջիկա օրերի ընթացքում կստանան վավեր և ճշգրիտ գաղտնաբառեր և մուտքանուններ, հնարավորություն կունենան լրացնել հայտարարագրերը:
Հանձնաժողովը հիշեցնում է, որ խնդիրը վերաբերում է միայն 2021 թվականի մարտի 19-ին ծանուցում ստացած հայտարարատուներին: Բոլոր այն հայտարարատուները, ովքեր ծանուցվել են ավելի վաղ, կարող են օգտագործել իրենց մուտքանունը և գաղտնաբառը։
Հայտարարագրերի լրացման էլեկտրոնային համակարգը հասանելի կլինի 2021 թվականի մարտի 20-ից: