«Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը թերահավատ է, որ հունիսի 20-ին խորհրդարանի արտահերթ ընտրություններ կլինեն:
Շարժումը մտադիր չէ բացել Բաղրամյան պողոտան և շարունակելու է բողոքի ակցիաները, բայց հնարավոր են մարտավարական փոփոխություններ:
«Հայրենիքի փրկության շարժման» համակարգողը նշել է, որ շուտով կգումարվի խորհրդի նիստ, և հայտարարություն կլինի: Սաղաթելյանը չի հստակեցրել՝ արդյոք շարժումը դաշինքով մասնակցելո՞ւ է ընտրության, թե՞ ոչ:
Անդրադառնալով շարժման կազմում ընդգրկված «Բարգավաճ Հայաստան» և «Հայրենիք» կուսակցությունների՝ ընտրություններին մասնակցելու հայտարարություններին՝ նա նշել է՝ դա այդ ուժերի իրավունքն է:
Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է նաև արտահերթ ընտրության վերաբերյալ ՀՅԴ-ի դիրքորոշումը:
Իշխան Սաղաթելյան («Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ) - Անկախ նրանից՝ շարժման որ կուսակցությունը ինչ դիրքորոշում կունենա, Դաշնակցությունը մինչև վերջ պայքարելու է այն օրակարգի համար, որը հայտարարել է, այսինքն՝ մենք շարունակելու ենք, նույնիսկ եթե մնանք մենակ էլ, շարունակելու ենք ամբողջ ծավալով մեր պայքարը, որ Նիկոլ Փաշինյանը օր առաջ հեռացվի:
Մենք երբեք դեմ չենք եղել արտահերթ ընտրություններին, բայց գտնում ենք, որ այդ արտահերթ ընտրությունները չպետք է կազմակերպի ինքը, բազմաթիվ անգամ ասել եմ՝ ինչի: Եթե էսքան պայքարից հետո, անկախ մեր կամքից, տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, էդ ժամանակ նոր Դաշնակցությունը կքննարկի իր մասնակցության ձևաչափը, օրակարգը, կամ՝ մասնակցո՞ւմ է, թե՞ ոչ: