Մարտի 19-ին տեսակապի միջոցով կայացել է զրույց ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի և Սլովենիայի ԱԳՆ պետքարտուղար Ստանիսլավ Ռաշչանի միջև:
Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-սլովենական հարաբերությունների երկկողմ, ինչպես նաև բազմակողմ հարթակներում համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես, անդրադարձ է կատարվել նախատեսված քաղաքական խորհրդակցությունների օրակարգին և ԱլԳ գալիք գագաթնաժողովին:
ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը ներկայացրել է Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը և հրատապ խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Զրուցակիցները մտահոգություն են հայտնել մարդասիրական աջակցության տրամադրման գործընթացի քաղաքականացման և արհեստական խոչընդոտների ստեղծման առնչությամբ:
ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է միջազգային մարդասիրական, ինչպես նաև մարդու իրավունքների շարունակվող խախտումները բացառելու անհրաժեշտությունը։ Այդ համատեքստում նա անընդունելի է համարել Ադրբեջանի կողմից իր ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների խախտումները՝ մասնավորապես ընդգծելով հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձի և Լաչինի միջանցքով դեպի Արցախ մարդասիրական օգնության անխափան մուտք գործելու կարևորությունը: