ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյանը ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 18-ի նիստում ներկայացրեց 2020-ի կատարողականի վերաբերյալ նախարարության զեկույցը:
Ըստ այդմ՝ հաշվետու տարում Արարատի և Արմավիրի մարզերում իրականացվել են 2 խորքային հորի լուծարման և 4-ի կոնսերվացման աշխատանքներ: Փականային ռեժիմի է բերվել 29 խորքային հոր:
Խնայվել է 1 500-ից ավելի լ/վրկ ջուր: Ձևակերպվել է նոր 190 ջրօգտագործման թույլտվության հայտ՝ ձկնաբուծության, ոռոգման, խմելու ջրի և արդյունաբերական նպատակով: Մերժվել է փոքր հէկերի կառուցման 14 հայտ: 12 փոքր հէկի ջրառի կետերում տեղադրվել և կնքվել են առցանց ջրաչափեր: Առայսօր 152 փոքր հէկերից 111-ում տեղադրվել և կնքվել է 145 առցանց ջրաչափ:
Սևանա լիճ-Արփա-Սևան ջրատարով տարեսկզբից մուտք է գործել շուրջ 205 մլն խորանարդ մետր ջուր, ինչը 46 մլն-ով ավելի է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից: Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության ծրագրի շրջանակներում լիճ է բաց թողնվել շուրջ 630 000 մանրաձուկ, որից շուրջ 600 000-ը` գեղարքունի, իսկ 30 000-ը՝ ամառային իշխան տեսակի:
Կատարվել է 204 տոննա սիգի արդյունաբերական որս: Միջոցառումներ են իրականացվել՝ արգելելու համար սիգի ապօրինի որսը: Նշվեց, որ այստեղ խնդիրները շատ են. կարիք կա վերացնել օրենսդրական բացերը:
Պատգամավոր Սարիկ Մինասյանը բարձրացրեց թափառող շներից քաղաքացիների պաշտպանության հարցը: Նշվեց, որ մարդկանց համար վտանգավոր են նաև ստերջացված շները, ինչի առնչությամբ Տիգրան Սիմոնյանը պարզաբանեց, որ այդ հարցի կարգավորումը նախարարության տիրույթում չէ: Փոխնախարարը համաձայնեց, որ խնդիր, իրոք, կա, և անհրաժեշտ է, որ համապատասխան մարմինները հրատապ կարգով լուծում գտնեն:
Փոխնախարարը նաև հայտնեց, որ 2020-ին իրականացվել են մի շարք բնապահպանական ծրագրեր:
Մասնավորապես, արգելվել է օզոնային շերտը քայքայող նյութերի արտադրությունը, ընդունվել է մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների աստիճանական նվազեցման մասին օրենսդրական նախաձեռնությունը: Դրա շնորհիվ 2022-ից կարգելվի մինչև 50 միկրոն հաստությամբ տոպրակների վաճառքը: