Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր ընդունել է սփյուռքահայ բարերար Տավրոս Ասլանյանին՝ իր երախտագիտությունը հայտնելու նրան Լոռու մարզում իրականացված բարեգործական ծրագրի համար: Հանդիպմանը ներկա էր նաև մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը՝ հայտնում են Լոռու մարզպետարանից:
Արմատներով վանաձորցի, Գերմանիայում ծնված Տավրոս Ասլանյանը իր և ընկերների նախաձեռնությամբ բարեգործական առաքելությամբ է ժամանել հայրենիք: Բարեգործները 6 մեծ կոնտեյներներով դպրոցական գույք (նստարաններ, ուսուցչական գրասեղաններ, սեղաններ, աթոռներ, գրատախտակներ, պահարաններ, մարզադահլիճի համար նախատեսված գույք), ինչպես նաև համակարգիչներ են բերել Հայաստան:
Նպատակը՝ ամբողջ գույքը նվիրաբերել Լոռու, Շիրակի, Տավուշի, Սյունիքի մարզերի առավել կարիքի մեջ գտնվող շուրջ 20 դպրոցի: Բավականին մեծածավալ և արժեքավոր դպրոցական գույքը կնվիրաբերվի, մասնավորապես, Լոռու մարզի 8-9 գյուղական համայնքների դպրոցների:
Ա. Խաչատրյանը վստահեցրել է՝ Լոռու մարզպետարանը պատրաստ է աջակցելու բոլոր ողջունելի նախաձեռնություններին:
Տ. Ասլանյանն իր հերթին վստահեցրել է, որ նմանատիպ բարեգործական ծրագրերը շարունակական կլինեն: