«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագծում անդրադարձ կա դատական իրավունքի չարաշահումներին:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը նախագծի հիմնական զեկուցող Վլադիմիր Վարդանյանին հարցրեց դատական իրավունքի չարաշահումներից նախագծով սահմանված դատաիրավական նոր սանկցիաներից:
«Ապացույցներ ներկայացնելու կամ բացարկի հիմքերի դեպքում դրվեր ուղղակի դատավարական կոնկրետ փուլով սահմանափակում կամ միջնորդության պարագայում ուղղակի արհեստական հիմքերը դրվեին որպես սահմանափակման հիմք, այլապես կստացվի, որ այս իրավունքների սահմանափակումները կարող են դատավարության կողմերին զրկել դատավարական իրենց որոշ իրավունքներ հիմնավորված իրականացնելու հնարավորությունից»,- նշեց Տիգրանյանը:
Վարդանյանը պարզաբանեց՝ խոսքը պարբերաբար միևնույն իրավունքը միևնույն նիստին չարաշահելու մասին է:
«Օրինակ՝ կա ինքնաբացարկի 3 հիմք: Ներկայացնում է ինքնաբացարկի 1 հիմք, դատարանը մերժում է, ներկայացնում է 2-ը, նորից մերժում է, հետո՝ 3-ը: Հիմա հարց եմ տալիս՝ այդ հիմքերը հայտնի չէ՞ին կողմին, երբ ներկայացնում էր առաջին միջնորդությունը: Հայտնի էին: Հիմա ուզում եմ հասկանալ՝ ի վերջո, մենք ի՞նչ ենք ուզում՝ փաստաբանությո՞ւն, թե՞ արդարադատություն: Բայց մենք ուզո՞ւմ ենք փաստաբանություն, որն առաջնորդվում է նրանով, որ ինչքան հնարավոր է՝ գործերը ձգձգեն: Մենք գործեր ունենք՝ 15-20 տարի են տևում»,- պարզաբանեց Վարդանյանը: