Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից շրջանային երեք բարձրաստիճան պաշտոնյայի: Նրանց ու ևս յոթի ձերբակալությունն իրականացվել է քուրդ զինյալների դեմ գործողության արդյունքում, որը սկսվել է ԺԴԿ-ն փակելու համար դատական գործ հարուցելուց հետո՝ հայտնում է reuters-ը:
Չորեքշաբթի Թուրքիայի դատախազը հայց էր ներկայացրել Սահմանադրական դատարան՝ պահանջելով արգելել ԺԴԿ-ի գործունեությունը, ինչը դարձավ տարիներ շարունակ խորհրդարանում մեծությամբ երրորդ կուսակցության նկատմամբ գործադրված ճնշումների գագաթնակետը: Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը դա անվանեց «քաղաքական հեղաշրջում»:
Ընդհանուր առմամբ տրվել է 15 անձի ձերբակալման հրահանգ:
ԱՄՆ-ը և Եվրոպան քննադատել են կուսակցության անդամների նկատմամբ դատական գործեր հարուցելու իշխանության քայլը` ասելով, որ դա խաթարում է ժողովրդավարությունը: Նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի խոսնակը, սակայն, պարզաբանել է, որ քրդամետ կուսակցությունը կապեր ունի անօրինական Քուրդստանի աշխատավորական կուսակցության զինված խմբավորման հետ: