Մարտի 18-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպել է Ռումինիայի տնտեսության, ձեռներեցության և տուրիզմի պետքարտուղար Պոլ Էնեին: Այս մասին հայտնում են Ռումինիայում Հայաստանի դեսպանությունից:
«Շնորհավորելով պրն Էնեին պետքարտուղարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ դեսպան Մինասյանը հույս է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի խթանել գործարար շրջանակների և կառույցների միջև համագործակցությունը:
Կողմերը երկուստեք ընդգծել են երկկողմ տնտեսական համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունն ու կարևորությունը՝ շեշտը դնելով տարվա 2-րդ կեսին Բուխարեստում հայ-ռումինական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի կազմակերպման վրա:
Ձեռք է բերվել պայմանավորվածություն միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի շրջանակներում կազմակերպել գործարար համաժողով:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև 2021 թ. մարտի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, որը լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում նոր՝ գործընկերային մակարդակի բարձրացնելու Հայաստանի և Ռումինիայի ինչպես երկկողմ հարաբերությունները, այնպես էլ կանոնակարգելու տնտեսական և առևտրային հարաբերությունները»,- ասված է հայտարարությունում: