«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը «Դատական օրենսգրքում» փոփոխությունների նախագծի ժամանակ հայտարարեց, թե այդպես ոչ թե ապահովում ենք դատարանների փոփոխությունն ու արդյունավետ աշխատանքը, այլ ավելացնում դատավորների կախվածությունը և սահմանափակում դատաիրավական իրավունքները՝ այդ թվում նաև դատավարության մասնակիցների, փաստաբանների և այլն:
«Դատավորները անկախ պետք է լինեն նաև մեկը մյուսից, և Բարձրագույն դատական խորհրդից ևս դատավորներն անկախ պիտի լինեն: ԲԴԽ լծակներն այնպիսին պետք է լինեն, որ ոչ թե միջամտեն դատավարության իրականացմանը, այլ հակառակը՝ դատավորների անկախությունը երաշխավորեն: Ինչո՞ւ. ուզում եք անգամ դատավորների՞ն վերահսկել ԲԴԽ-ի միջոցով: Ի՞նչ է նշանակում՝ դատավարության մեջ փոփոխություն մտցնել և սահմանել, որ Վճռաբեկ դատարանի որոշման հիման վրա, եթե բեկանվում է ակտը, ուրեմն ստորադաս դատարանի դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ կարող է հարուցվել, մինչդեռ նույն դատավարական օրենսգիրքը արգելում է նման գործընթաց սկսելը»,- ասաց Սիմոնյանը՝ նշելով, որ դատական անկախության անվան տակ չպետք է դատավորների կախվածությունն ավելացնենք: