Եվս մեկ, երկու օր, և, ինչպես կանխատեսել էին օդերևութաբանները, Արարատյան դաշտում ծիրանենու համատարած ծաղկումը կլինի մարտի 21-25-ը։
Մեկ ամիս առաջ Աշոտ Շաղոյանը ևս շտապել էր վաղ գարնան ցրտահարությունից ապահովագրել իր այգին։ Ինչպես ինքն է ասում, անցած տարվա փորձը դաս է եղել։
Աշոտ Շաղոյան (այգեգործ) - Ապահովագրել եմ անցած տարի էլ, այս տարի էլ: Ստացել եմ շատ լավ արդյունք և՛ բերքով, և՛ ցրտահարության պահով։ Հա՛մ շատ բերք եմ ստացել, հա՛մ ցրտահարվել է, համ էլ 191 հազար 740 դրամ փող եմ ստացել։ Բա ոնց եղավ էդպես՝ և՛ բերք, և՛ ցրտահարություն։ 6 տոննայի փոխարեն ստացել եմ 4 տոննա, որից երկու տոննան գնացել է ցրտահարության տակ։ Այ, էդ ձևով ենք ստացել։
Թեև ծիրանենին ու դեղձենին արդեն ծաղկում են, և վաղ գարնան ցրտահարության ռիսկի ապահովագրության ժամկետն արդեն ավարտվել է, սակայն այգետերերը դեռ կարող են ծիրանենու, դեղձենու և խաղողի այգիները ապահովագրել կարկուտի և հրդեհի ռիսկից։
Իռա Փանոսյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման վարչության պետ) - Քաղաքացիները կարող են մինչև մարտի 25-ը մոտենալ «Ռոսգոսստրախ», «Սիլ Ինշուրանս» և «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերություններից ձեռք բերեն ապահովագրական պոլիսներ։
Ըստ էկոնոմիկայի նախարարության պատասխանատուի՝ այս տարի ապահովագրողների թիվն ավելացել է։ Եթե 2020-ին կնքվել էր 1500 ապահովագրության պայմանագիր, ապա 2021-ի միայն փետրվարին արդեն կնքվել է 1800-ը։ Այլ մշակաբույսերի ապահովագրական պայմանագրերի կնքումը ևս շարունակվում է։
Իռա Փանոսյան - Խնձորի համար կարկուտի վերջնաժամկետ է ապրիլի 20-ը։ Աշնանացան, գարնանացան մշակաբույսերի հետ կապված՝ մայիսի 1-ը, կարտոֆիլի համար՝ մայիսի 15-ը, սալորի համար՝ մարտի 25-ը, միջին վաղահաս, միջին ուշահաս կարտոֆիլի ցրտահարության ռիսկի համար ևս՝ մայիսի 15-ը։
Սեխի, ձմերուկի համար վերջնաժամկետ է սահմանվել ապրիլի 25-ը։ Այս տարի կապահովագրեն 11 տեսակի մշակաբույս։