Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և մի շարք այլ օրենքներում փոփոխությունների փաթեթը: Կողմ քվեարկեց 81, դեմ՝ 15 պատգամավոր:
Նախագծի համահեղինակ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցում կատարվել են էական փոփոխություններ:
Մասնավորապես՝ լրամշակվել է դրույթը և ամրագրվել, որ եթե ԲԴԽ անդամ դառնալիս անձը բարձր վարձատրություն է ստացել, այն պահպանվելու է՝ չի նվազելու:
Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ նախագծերի փաթեթից հանվել են երկու՝ Վարչական և Քաղաքացիական դատավարության օրենսգրքերում նախատեսված փոփոխություններն ու լրացումները: Դուրս են բերվել վիճահարույց և կարգապահական պատասխանատվության հիմքերին վերաբերող խնդրահարույց դրույթները: Մասնավորապես՝ մեղավոր վարքագիծը, որի արդյունքում դատապարտյալը խուսափել է քրեական պատասխանատվությունից, դիտարկվում է դատական իշխանության հեղինակազրկման դեպք և, ըստ Վարդանյանի, լրացուցիչ կարիք չկա կանոնակարգելու այս հարցը:
Նախագծում հստակեցվել է նաև, որ առանձին տեսակի կամ բարդության այն գործերը, որոնցով դատաքննություն չի սկսվել, կարող են դատավորներին բաշխվել ԲԴԽ-ի կողմից:
Նաև ամրագրվել է, որ կասեցվելու են ԲԴԽ անդամ դատավորների լիազորությունները, որոնք միաժամանակ աշխատում են որպես դատավոր: Բացառություն կլինեն միայն Վճռաբեկ դատարանի դատավոր-ԲԴԽ անդամները՝ հաշվի առնելով, որ նրանց ընտրում է ոչ թե ԲԴԽ-ն, այլ Ազգային ժողովը:
Հիշեցնենք, որ նախագիծն այսօր ավելի վաղ ընդունվել էր առաջին ընթերցմամբ: Նախագծով առաջարկվում է ԲԴԽ-ին այսուհետ օժտել դատարանների բնականոն գործունեություն ապահովելու լիազորություն՝ նախատեսելով, որ վերջինիս իրականացման ուղղությամբ ԲԴԽ-ն իրավունք կունենա ընդունելու նորմատիվ իրավական ակտեր:
Այս լիազորության անհրաժեշտությունն այն է, որ ԲԴԽ-ն իր լիազորությունների իրականացման ընթացքում, որոնք կապված են, օրինակ, դատարանների ծանրաբեռնվածության, աշխատանքների արդյունավետ կազմակերպման և այլ հարցերի հետ, երբեմն կարիք է ունենում հրատապ կարգավորում տալ առանձին հարցերի:
Այդ գործառույթների իրականացման համար առաջարկվում է ԲԴԽ-ին օժտել նաև նորմատիվ իրավական ակտեր ընդունելու լիազորությամբ: