ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակում Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը համաֆինանսավորմամբ իրականացնում է «Կիբերանվտանգություն» դասընթացը:
Դասընթացի 110 շրջանավարտներն ավարտական հավաստագրեր են ստացել: Նրանց 59 տոկոսն է Երևանից, մյուսները ՀՀ մարզերից են և Արցախից: Նախարարության ծրագրերի վարչության պետ Անահիտ Սարգսյանը, շնորհավորելով դասընթացի շրջանավարտներին, կարևորել է, որ դասընթացին մասնակցել են Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ և Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի դասախոսներ, ովքեր իրենց ուսուցողական ծրագրում ներառելու են հատվածներ այս ծրագրից:
Անահիտ Սարգսյանն ընդգծել է, որ կիբերանվտանգությունն առաջնային ուղղություն է նախարարության համար, և նախատեսվում է դասընթացները շարունակել նաև 2021 թվականին:
Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության (ՏՀՏԳՄ) գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը շնորհակալություն է հայտնել միջոցառման բոլոր մասնակիցներին՝ ՀՀ ԲՏԱ նախարարությանը, ժյուրիի անդամներին, դասընթացավարներին և շրջանավարտներին։ Նա նշել է, որ ստացած գիտելիքները հնարավորություն կտան շրջանավարտներին աշխատել տարբեր ոլորտներում՝ կարևոր դերակատարություն ունենալով երկրի անվտանգության պահպանության գործում։
«Կիբերանվտանգություն» դասընթացը նախատեսված էր 125 մասնակիցների համար, սակայն հաշվի առնելով ոլորտի կարևորությունը և մասնակցության հայտերի բարձր քանակը՝ ծրագրում ընդգրկվել են 150 ուսանողներ, որոնցից 110-ը բարեհաջող են ավարտել ուսումնական շրջափուլը՝ ստանալով նոր մասնագիտացում: