Նույնիսկ 21-րդ դարում ձեռագիրը չի փոխվում. Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով փորձում է Արցախում վերացնել հայկական հետքը: Հերթական արշավն իր վրա է վերցրել անձամբ այդ երկրի ղեկավարը: Ալիևն այցելել էր օկուպացված Հադրութի շրջան և Ծակուռի գյուղի 17-րդ դարի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին անվանել ալբանական:
Իլհամ Ալիև, Ադրբեջանի նախագահ - Սա մեր հնագույն տաճարն է, մեր ուդի եղբայրների տաճարն է և նրանք այստեղ ևս գալու են: Ամբողջը կեղծել են:
Ալիևի այցի տեսանյութից երևում է, որ եկեղեցու վրա բացակայում է խաչը, իսկ հայկական գրությունները ոչնչացվում և փոխարինվում են: Մինչդեռ «Սուրբ Աստվածածին» կամ Ծաղկավան եկեղեցին վանական մի ամբողջ համալիրի մաս է կազմել: Այն հիմնվել է 17-րդ դարում և Արցախի միջնադարյան ճարտարապետական ու մշակույթի գլուխգործոցներից մեկն է համարվում:
Ալիևի նման պահվածքին հետևեց Հայաստանի արտաքին գերատեսչության կոշտ արձագանքը՝ Ադրբեջանը ձգտում է վերացնել կամ յուրացնել Արցախի հայկական մշակութային ժառանգությունը:
ՀՀ ԱԳՆ - Ներկայումս իր վերահսկողության տակ գտնվող Արցախի մշակութային հուշարձանների ֆիզիկական ոչնչացմանը զուգահեռ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով ձեռնամուխ է եղել պատմական փաստերի կեղծման և հայ ժողովրդից կրոնական և մշակութային արժեքներն օտարելու դատապարտելի պրակտիկային: Այս նպատակին է ուղղված նաև Ադրբեջանի նախագահի՝ Հադրութի շրջանի Ծակուռի գյուղի 17-րդ դարի հայկական եկեղեցու՝ իբրև «աղվանական» լինելու և վերջինիս պատերի հայատառ գրությունները «կեղծ» հռչակելու մասին հայտարարությունը:
Ադրբեջանական վերահսկողության ներքո արցախահայությունը չի կարող գոյատևել, իսկ Արցախի խաղաղ բնակավայրերի, պատմամշակութային ժառանգության ավերման, հայ բնակչության ոչնչացման և դրանց փոխարեն ադրբեջանական բնակավայրերի ստեղծման հիմքով ձևավորվելիք այսպես կոչված «խաղաղությունը» չի կարող լինել հաստատուն և տևական՝ համոզված են Հայաստանի արտաքին գերատեսչությունում:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն էլ Բաքվի վարքագծում ֆաշիզմի տարրեր է տեսնում:
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան - Սա ի՞նչ է, եթե ոչ ատելություն բարձրագույն իշխանության մակարդակով էթնիկ և կրոնական հիմքով, սա ի՞նչ է, եթե ոչ Արցախում էթնիկ զտումների ու ցեղասպանության քաղաքականության մասին ապացույց, սա ի՞նչ է, եթե ոչ ֆաշիստական վերաբերմունք:
Ճարտարապետ Աշոտ Հակոբյանը ցույց է տալիս Ծակուռի եկեղեցու հայկական արձանագրությունները՝ հիմնման թիվը, հայկական եկեղեցիներին բնորոշ օձաքանդակը: Եկեղեցու բակում պահպանվել է 1198 թվականին պատկանող խաչքար, ինչը վկայում է, որ հայկական հոգևոր կառույցներ այստեղ եղել են վաղուց: Մասնագետը զավեշտ է համարում Ալիևի հայտարարությունները, քանի որ եկեղեցու ճարտարապետությունը տիպիկ հայկական է:
Մասնագետը համոզված է՝ ապագայում Ադրբեջանը շարունակելու է որդեգրած քաղաքականությունը, սակայն չի գնալու հուշարձանների բացահայտ ոչնչացման ճանապարհով, քանի որ Արցախի նկատմամբ միջազգային հանրության ուշադրությունը չափազանց մեծ է: Իրականությունը, սակայն, այն է, որ օրեր առաջ համացանցում լուսանկարներ հայտնվեցին, որտեղ երևում է, թե ինչպես է Ադրբեջանը ոչնչացրել Շուշիի` «Կանաչ ժամ» եկեղեցու գմբեթը: Ուշագրավ է, որ եկեղեցին ավերվել է ռազմական գործողություններից ամիսներ անց: