Ազգային ժողովի իշխանական փոխնախագահը հավանական չի համարում, որ մինչև արտահերթը կհասցնեն ընտական օրենսգիրքը փոփոխել։ Սիմոնյանն ասում է՝ քննարկումները շարունակվում են, նոր նախագիծն էլ շրջանառության մեջ է, բայց մինչև վարչապետի հայտարարած օրը՝ հունիսի 20-ը, ժամկետը սեղմ է։ Ըստ նրա՝ 8-րդ գումարման խորհրդարանը կարող է ձևավորվել գործող՝ ռեյտինգային ընտրակարգով։
Ալեն Սիմոնյան (ՀՀ ԱԺ փոխնախագահ) - Ես էլ եմ համարում ռեյտինգայինը վատը, բայց եթե չհասցնենք, կարող ենք գնալ գործողով:
Արտախորհրդարանական ուժերից մի քանիսն արդեն հայտարարել են՝ դեմ են գործող ընտրակարգին՝ բնորոշելով այն բացառապես ռեսուրսների պայքար, նոր քաղաքական ճգնաժամեր հրահրող փաստաթուղթ։ Ի տարբերության նրանց, ԱԺ ընդդիմադիր թևը դեմ չէ ընտրական այս օրենսգրքին։ «Լուսավոր Հայաստանի» ղեկավարը նկատում է՝ կոնսենսունը կայացել է, երեկվանից էլ քաղաքական ուժերը սկսել են նախապաստրաստվել արտահերթին։ Խաղի կանոնները հիմա պարզ են՝ գործող օրենսգիրքն է, իսկ դրա փոփոխությունն ըստ Մարուքյանի՝ կարող է հետ գցել պրոցեսը։
Խորհրդարանական երկրորդ ուժից էլ հայտարարում են՝ ամբողջ պատասխանատվությունը հիմա իշխանության վրա է՝ լինի ռեյտինգային թե ոչ: ԲՀ խմբակցության քարտուղարի կարծիքով՝ ընտրակարգը կապ չունի, արմատացած մշակույթ կա՝ ընտրությունը սիմվոլների պայքար է։
Ժողովուրդը կգնա ընտրության ու կորոշի, թե որ ուժն է ձևավորելու հաջորդ կառավարությունը՝ ասում է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն ու վստահեցնում, որ ԲՀԿ-ն ոչ մեկի հետ դաշինք չի կազմելու, առանձին է գնալու։ Ու թեև «Հայրենքի փրկության շարժումը», որի ձևավորման ակունքներում իրենք էլ են կանգնած, դեմ է Փաշինյանի կազմակերպած ընտրությանը մասնակցելուն, ԲՀԿ առաջնորդը երեկ վարչապետի հետ համաձայնության եկավ՝ արտահերթը կլինի գործող իշխանության օրոք։
«Լուրեր»-ի այն հարցին էլ՝ արդյոք իրենց գաղափարական պայքարի գործընկերներին հորդորելո՞ւ են բացել Բաղրամյան պողոտան, Աբովյանը չպատասխանեց, կրկին շեշտեց՝ մտավախություն ունեն՝ իշխանությունը կարող է կեղծել ընտրությունը։ Սպասվող արտահերթի տեսական վտանգները նաև «Լուսավորին» են անհանգստացնում, բայց Մարուքյանն ասում է՝ դրանց որոշ մասը փարատվել է, մնացյալի հարցում հետամուտ կլինեն՝ փող բաժանողի ձեռքը իշխանությունը պետք է բռնի, ընդդիմությունն էլ հետևի, որ վարչական ռեսուրս չկիրառվի։
«Իմ քայլը» ընտրության է գնում կրկին հաղթելու նպատակով, թեև գիտեն՝ իրենց վարկանիշը նվազել է՝ ասում է խորհրդարանի փոխխոսնակը, նշում՝ կփորձեն վստահությունը վերականգնել քարոզարշավի ընթացքում։ Իսկ այն, որ պայքարի մեջ են մտնելու նաև նախկին իշխանությունները, իշխող ուժին չի մտահոգում։
Ալեն Սիմոնյանը համոզված է՝ իրավապահ մարմինները կկանխեն նախորղ 20 տարվա հայտնի հնարքները։
Իսկ մինչև հունիսի 20-ը արդյոք փա՞կ կմնա Բաղրամյանը՝ Սիմոնյանը չի շտապում կանխատեսել, միայն շեշտում է՝ 17 ուժերն այսօր փակուղում են և երազում են, որ իրենց հնարավորություն ընձեռվի լքել պողոտան։