Հայկական ատոմակայանի երկրորդ՝ այժմ աշխատող էներգաբլոկը... 32 տարի առաջ ճիշտ այս օրը՝ մարտի 18-ին է կանգնեցվել: Սա էլ վերագործարկումը թույլատրած արձանագրությունն է: Փաստաթուղթը արխիվներից հանվել է՝ Հայաստանում նշվող ատոմային էներգետիկայի 55-ամյակի պատվին: Հոբելյանական տարին վճռորոշ է դառնում Մեծամորի ԱԷԿ-ի համար. անվտանգության առումով ամենակարևորը՝ ռեակտորի իրանի թրծումն է... համոզված է՝ կայանի շահագործման ժամկետը երկարաձգող ռուսական թիմի ղեկավարը, և կայանի գլխավոր ճարտարագետը:
Յուրի Սվիրիդենկո (Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարաձգելու նախագծի ռուսական կողմի ղեկավար) - Հատուկ սարքավորում է դրա համար մշակված: Այն արդեն բերել ենք ԱԷԿ, պատրաստել օգտագործման: Կայանը հենց կանգնեցվի՝ տեխնիկան կբեռնվի ռեակտորի մեջ ու կմիացվի...
Արթուր Գրիգորյան (Հայկական ԱԷԿ-ի գլխավոր ճարտարագետ) - Վերականգնող թրծումը թույլ է տալիս ռեակտորի իրանի մետաղը բերել սկզբնական որակին: Այն այսպես ասած երիտասարդացմանը տեղի է ունենում, երբ հատուկ սարքը 150 ժամ շարունակ 475 աստիճանի տակ շիկացած պահում է մետաղը:
Բացառիկ այդ գործը՝ իրականացնելու են «Ռոսատոմի» ու Կուրչատովի ինստիտուտի մասնագետները: Սլովակները՝ տարածքի հերմետիկացումն են ապահովելու: Ընդհանուր առմամբ՝ մեր ԱԷԿ-ի համար աննախադեպ երկար տևող՝ մայիսի կեսից սպասվող 141-օրյա պարապուրդի ընթացքում՝ 400 փորձագետ պետք է հասցնի տեղադրել 30 տարբեր գործարաններից ներմուծած 20 ֆուռ սարքեր ու դետալներ: Հայկական կողմը քիչ հավանական է համարում, որ գործընթացքում խնդիրներ առաջանան:
Մովսես Վարդանյան (Հայկական ԱԷԿ-ի տնօրեն) - Տեխնոլոգիական պրոցես է՝ ռիսկի գործոնը կա, բայց քանի որ ռուսական կողմը ունի փորձ իր բլոկներում՝ մենք հուսով ենք, որ շատ փոքր է ռիսկի գործոնը, որ խնդիր կառաջանա:
Ամբողջ աշխատանքների ավարտին նախատեսվում է, որ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն նոր լիցենզիա կտա ու մինչև 2026 թվականը կերկարաձգի Մեծամորի երկրորդ էներգաբլոկի շահագործումը: Այդ ժամկետը հետո կերկարաձգվի ևս տասը տարով՝ թեմատիկ քննարկմանը հայտարարեց Կառավարության ներկայացուցիչը: Նախ դահլիճում, ապա լրագրողներին վստահեցրեց. մինչև 2040 թվականի համար հաստատած էներգետիկ ռազմավարությամբ՝ Հայաստանն ամեն ինչ անելու է, որ մնա ատոմային երկիր, միջուկային նոր կայան ունենա:
Տիգրան Մելքոնյան (ՀՀ ՏԿԵ նախարարության էներգետիկայի վարչության պետ) - Հուսով ենք, էներգետիկ օբյեկտը կաշխատի մինչև 36 թվականը, որին զուգահեռ՝ մեր օրակարգում է նաև ատոմային նոր էներգաբլոկի կառուցումը:
Ի՞նչ հզորության կլինի նոր կայանը՝ դեռ պարզ չէ: Ստանդարտ 1000-1200 մեգավատտանոցը հայկական տնտեսության համար արդեն մեծ է համարվում: