Գևորգ և Կարեն եղբայրները չհասցրին տան շինարարությունն ավարտել։ Երկուսն էլ Ներքին զորքերում էին ծառայում։ Շինարարությամբ զբաղվում էին ազատ ժամերին։ Բազմաթիվ ծրագրեր ու նպատակներ ունեին, բայց հայրենիքը կանչեց նրանց։ Սեպտեմբերի 28-ին միասին մեկնեցին ռազմաճակատ, նոյեմբերի 7-ին միասին զոհվեցին՝ Շուշիի մատույցներում։
Արևիկ Միքայելյան, զոհված եղբայրների մայրը - Չեն ցանկացել իրարից հեռու լինել, վիրավորվել են իրար հետ, իրար հետ զոհվել, Գևորգը գնացել է Կարենին փրկելու:
Մեծը Գևորգն էր՝ 26 տարեկան, 22 էլ Կարենն էր։ Գևորգը հասցրել էր ամուսնանալ։ Դուստրը՝ Արևիկը, 1,5 տարեկան է։
Կարենը ծառայությանը զուգահեռ հեռակայում էր Երևանի պետական համալսարանում, 5-րդ կուրսում էր, տնտեսագետ պետք է դառնար։ Երկուսի համար էլ կյանքում գլխավորը հայրենիքն ու ընտանիքն էին: Պատերազմ մեկնելիս ոչ մի րոպե չվարանեցին, բայց չհասցրին հորն օգնել, սրտի վիրահատության գումարն էին հավաքում: Թիկունքս բաց մնաց՝ ասում է հերոսներ մեծացրած հայրը։
Ռազմիկ Գևորգյան, զոհված եղբայրների հայրը - Գևորգիս աղջկանով եմ հիմա ապրում:
Դատարկված տունը հիմա փոքրիկ Արևիկն է լցնում: Մեկ օրում երկու որդի կորցրած ծնողներն արդեն 4 ամիս է չեն կարողանում հաշտվել իրականության հետ:
Արևիկ Միքայելյան - Ես դեռ չեմ հավատում, հույս ունեմ, որ մի օր դուռը կբացեն: Դժվար է, երբ 4 ամիս ոչ մեկ քեզ մամա չի ասում։
Խանջյան գյուղում բնակվող Գևորգյանների ընտանիքին այցելության էին եկել Աննա Հակոբյանն ու ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը։ Տեղեկացան, որ Գայանեին՝ Գևորգի ուսուցչուհի կնոջը, վերջերս են աշխատանքի ընդունել գյուղի դպրոցում, իմացան նաև, որ Շուշիում զոհվել են Գայանեի ոչ միայն ամուսինն ու ամուսնու եղբայրը, այլև հայրը՝ 94 թվականին։ Իսկ տիկին Արևիկն Աննա Հակոբյանին պատմեց որդիների կյանքից հետաքրքիր մանրամասներ։
Զավակներ կորցրած ընտանիքում հիմա միայն հարսն է աշխատում։ Ընտանիքի մեծերն առողջական խնդիրներ ունեն՝ գրեթե անաշխատունակ են։ Պետական աջակցությունից դեռ չեն օգտվել։ Աննա Հակոբյանը պատրաստակամություն հայտնեց հետամուտ լինել, որ գումարը ժամանակին ստանան։
Ընտանիքը կշարունակի ապրել, բայց արդեն առանց երազանքների։ Միակ բանը, որ ուզում են, հարատև խաղաղությունն է, որ էլ ոչ մի ծնող կորստի ցավ չապրի։