Վարչական դատարանի որոշումն անօրինական է, դատարանը փորձել է իրեն վերագրել սահմանադրական նորմի վերաբերյալ գործողություն: Այդ մասին ԱԺ-ում՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Վարչական դատարանի՝ Օնիկ Գասպարյանի պաշտոնավարման վերաբերյալ երեկ կայացրած որոշմանը:
«Գործողությունն արդեն ավարտվել է, չի կարելի իրավունքի ուժով գործողության մեջ մտնող նորմի հետ կապված հայցի ապահովման միջոց կիրառել, դա շենքի շինարարություն չէ, որը կարող ես կասեցնել մինչև դատական ակտի կայացումը: Ես չեմ պատկերացնում, թե դա ինչպես է ի կատար ածվելու, եթե ենթադրենք, որ այդ որոշումը իրավական ուժ ունի: Վարչական դատարանը չի կարող ինչ-որ բան վերականգնել, դատարանը կարող է կասեցնել»,- նշեց Սիմոնյանը:
ԱԺ փոխխոսնակն ասաց, որ այսօր ԶՈՒ ԳՇ պետի պարտականությունները կատարում է ժամանակավոր պաշտոնակատարը, իսկ Օնիկ Գասպարյանը, ըստ նրա, շարունակում է լինել սպա և գտնվել ՊՆ կադրային ռեզերվում: