Սպիտակի բժշկական կենտրոնում կորոնավիրուսի դեպքերի ավելացման հետևանքով օրըստօրե ավելանում է նաև մահճակալների թիվը: Անհրաժեշտ բուժսարքավորումների պակաս այս պահին չունեն, թթվածնային կետերն էլ բավարարում են, բայց բուժկենտրոնում զգուշացնում են՝ ռեսուրսները սահմանափակ են:
Վարսիկ Յարմալոյան (բժիշկ-համաճարակաբան) - Այսօրվա դրությամբ բոլոր հիվանդասենյակները խիստ ծանրաբեռնված են, և եթե ամեն մի հիվանդասենյակ սկզբում նախատեսված էր 3 մահճակալի համար, այսօր մենք ստիպված ավելացրել ենք նաև 4-րդը, և հնարավոր են դեպքեր, երբ մարդիկ գան, դիմեն, և մենք չկարողանանք նրանց սպասարկել:
Այժմ ստացիոնար բուժում է ստանում 104 պացիենտ, 89-ի վիճակը ծանր է, 15-ինը՝ ծայրահեղ ծանր: Մասնագետները նշում են՝ նախկինում, եթե թեթև դեպքեր էին գերակշռում, ապա հիմա վարակը մուտացվել է: Մարզում նաև կրկնավարակի դեպք է արձանագրվել:
Ջեմմա Սիսակյան (քովիդ բաժանմունքի ղեկավար) - Հիվանդների մեծ մասը գտնվում են ծանր և ծայրահեղ ծանր վիճակում, կարելի է ասել՝ միջին վիճակում գտնվող պացիենտները շատ քիչ են, հիմնականում գալիս են արդեն բարդացած:
Սպիտակի ԲԿ-ն այս պահին մարզում միակ հիվանդանոցն է, որ սպասարկում է քովիդով վարակվածներին, 2 թերապևտիկ և 1 քովիդ ռեանիմացիոն բաժանմունք ունեն: Հուլիսից մինչ օրս սպասարկել են ավելի քան 2000 պացիենտի:
Վարսիկ Յարմալոյան - Ամբողջ բուժանձնակազմը՝ և՛ բժիշկներ, և՛ բուժքույրեր, և՛ կրտսեր բուժանձնակազմ, աշխատում է ծայրահեղ լարված վիճակում: Երևի 24 ժամվա ընթացքում հնարավոր է լինում հերթափոխ, որ ընդհանրապես չեն հանգստանում: Դրա համար կոչս, հորդորս մեր բնակչությանը՝ խնդրում ենք պահպանել հակահամաճարակային կանոնները, կրել դիմակներ, պահպանել սոցիալական հեռավորությունը, ախտահանել ձեռքերը, խուսափել մարդաշատ վայրերում կուտակումներից:
Լոռու մարզում կորոնավիրուսային հիվանդության 9250 դեպք է արձանագրվել, որից 164 մահվան ելքով: Մասնագետների հորդորն ու ակնկալիքը քաղաքացիներից մեկն է՝ դրսևորել բարձր պատասխանատվության և պահպանել հակահամաճարակային կանոնները:
Հեղինակ՝ Տաթև Հակոբյան