Ակնհայտ է, որ իշխանությունն ուզում է արտահերթ ընտրություններ, այլ հարց է, որ ստեղծված իրավիճակից ելնելով՝ ընտրությունները կարող են ավելի շուտ կամ ավելի ուշ լինել, քննարկվում է Ընտրական օրենսգիրքը փոփոխելու հարցը, սակայն ամենակարևորը մեր ժողովրդի ազատ կամարտահայտությունն է: Այդ մասին ԱԺ-ում՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը:
«Ես միշտ եմ ասել՝ պետք է օր առաջ գնանք արտահերթ ընտրությունների, որպեսզի լարվածությունը թողնենք քվեատուփերում, ոչ թե փողոցներում կամ հեռուստաեթերներում»,- նշեց նա:
Ա. Սիմոնյանը չբացառեց, որ մեկ կամ երկու օրվա ընթացքում ընտրությունների օրը կարող է հայտնի դառնալ:
Նրա խոսքով՝ այսօր վարչապետի և ԲՀԿ նախագահի հանդիպումից հետո իրավիճակն ավելի պարզ կլինի:
ԱԺ փոխխոսնակը վստահ է, որ արտահերթ ընտրություններից հետո քաղաքական դիսկուրսը կտեղափոխվի ԱԺ դահլիճ, իսկ իշխանությունը կվերահաստատի իր մանդատը, ըստ Սիմոնյանի, գուցե ոչ այն չափով, ինչ եղել է 2018-ին:
Սիմոնյանի համոզմամբ՝ ՀՀ մարզերում, այդ թվում՝ Սյունիքում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը շատ ձայն է հավաքելու: