Սիսիանում ագրոտեխնիկայի ուսումնական կենտրոն կստեղծվի, Արաքսավան համայնքում ոռոգման նոր համակարգ կկառուցվի: Ճապոնիայի կառավարությունը Մարդկային անվտանգության ծրագրերի շրջանակում Հայաստանին դրամաշնորհային աջակցություն է տրամադրում: Այսօր էկոնոմիկայի նախարարությունում պաշտոնապես տրվել է երկու ծրագրի մեկնարկը:
Ալբերտ Սիմոնյան, Արքսավան համայնքի բնակիչ - Այսս տարածքում բանջարեղենի բոլոր տեսակներն էլ աճում էր, իսկ հիմա խոտը չի աճում։
Ալբերտ Սիմոնյանի 6 հեկտարը հայտվել է Արաքսավան համայնքի չմշակվող 60 հեկտար հողատարածքում։ Գյուղի 63 ընտանիք չի կարողանում հող մշակել ջուր չլինելու պատճառով՝ ասում է Արաքսավանի համայնքի ղեկավարը։
Ատոմ Թադևոսյան - Քանի որ մենք չունենք ներտնտեսային ցանցեր և մղման խողովակաշարը գտնվում ենք ռելյեֆային ավելի ցածր դիրքում, քան ոռոգվող հողատարածքները, ներքին ցանցի բացակայության հետևանքով այս հողատարածքները տարիների ընթացքում չեն ոռոգվել։
Խնդիրը կլուծվի Ճապոնիայի կառավարության հատկացրած դրամաշնորհով։ Արդեն հաշվել են, պոմպակայանի ու ներքին ցանցի համար անհրաժեշտ է ավելի քան 79 հազար դոլար։ Աշխատանքներն սկսելու համար պայմանագիր ստորագրեցին Ճապոնիայի դեսպանն ու Եվրասիա հասարակական կազմակերպության ղեկավարը։
Լիանա Եսայան, Եվրասիա հասարակական կազմակերպության տնօրեն - Ամենաուշը վեց ամսից հույս ունեմ, որ արդեն կկարողանան օգտագործել։
Հետագա տարիներին ներդրում կանի նաև համայնքը՝ ոռոգվող հողերի տարածքը հասցնելով 110 հեկտարի։
Մոտ 70 հազար դոլար էլ Ճապոնիայի կառավարությունը կհատկացնի Սիսիանում ագրոտեխնիկայի ուսումնական կենտրոն ստեղծելու համար։ Սյունիքում գյուղտեխնիկայի պարկի թարմացումն առաջնահերթ խնդիր է համարվում։
Վարդան Ուռուտյան, ՀԱԱՀ ռեկտոր - Դա կլինի մի հարթակ ոչ միայն մեր ուսանողների, դասախոսների, այլև Սիսիան քաղաքի շրջակա համայնքների ֆերմերների համար։
Տիգրան Վանդունց, ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղի տնօրեն - Նախաձեռնությունը հնարավորիություն է տալու, որպեսզի մասնաճյուղին կից պատրաստենք մեխանիզատրներ, տրակտորավարներ, գյուղատնտեսական տեխնիկայի շահագործողներ արդյունքում շահելու են և՛ գյուղական բնակավայրերը, և՛ տարածաշրջանում գյուղացիական տնտեսությամբ զբաղվող բակչությունը։
Սա Ագրարային համալսարանի և Ճապոնիայի կառավարության գործակցության առաջին փորձը չէ։ Հայաստանում գյուղատնտեսությունը հեռանկարային ճյուղ են համարում և փորձում հնարավորինս աջակցել՝ ասել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանը։
Ջուն Յամադա, ՀՀ Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան - Հայաստանն այն երկրներից է, որ ունի հնարավորություն համադրելու նախկին և ժամանակակից տեխնոլոգիաները։ Դրանց համադրությունից գյուղատնտեսությունում արդյունքն ավելին կլինի։
Ագրոտեխնիկայի կենտրոնը լիարժեք կգործի արդեն ամռանը։