Հանրապետությունում նորից ընտրատեղամասներ կբացվեն, ընտրատուփեր կդրվեն․ արտահերթ ընտրությունը հունիսի 20-ին է լինելու։ Մոտ 20 օր ձգվող քննարկումների արդյունքում այսօր վարչապետը ֆեյսբուքյան գրառմամբ հրապարակեց ժամկետը։ Դրան նախորդել էր խորհրդարանական երկրորդ ուժի՝ «Բարգավաճ Հայաստանի» ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ փակ հանդիպումը։
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ - Հանդիպման ընթացքում արձանագրեցինք, որ ստեղծված ներքաղաքական իրադրությունից լավագույն ելքը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Հաշվի առնելով նաև Հայաստանի Հանրապետության նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ իմ ունեցած քննարկումները՝ հունիսի 20-ին կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
Կառավարության մոտ Ծառուկյանին սպասող լրագրողները ոչ նրա գալը տեսան, ոչ գնալը։ Փաշինյանի հետ հանդիպման մասին ԲՀԿ առաջնորդը Ֆեյսբուքում գրեց՝ հիշեցրեց՝ դեռ մի քանի օր առաջ էր ասել, որ ստեղծված ծանրագույն վիճակից դուրս գալու համար հնարավորին սեղմ ժամկետում պետք է երկրում ձևավորել նոր իշխանություն, նոր կառավարություն: Ծառուկյանի գլխավորած ուժն, ի դեպ, առանձին է պատրաստվում մասնակցել ընտրապայքարին, թեև արդեն 4 ամիս միացած է «Հայրենիքի փրկության շարժմանը», արդեն 22 օր էլ նրանց հետ փակ է պահում Բաղրամյան պողոտան։
Գագիկ Ծառուկյան, ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար - Միակ լեգիտիմ ճանապարհն արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Ժողովուրդն իր քվեով պետք է որոշի, թե ում է վստահելու հաջորդ իշխանությունը:
Հունիսի 20-ը, որպես արտահերթ ընտրությունների օր, ընդունելի է նաև «Լուսավոր Հայաստանի» համար՝ Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո հայտնել է Էդմոն Մարուքյանը։ Արտահերթի թեմայով խորհրդարանական երրորդ ուժի ղեկավարը վարչապետի հետ երկու շաբաթ առաջ էր հանդիպել՝ կրկին կառավարությունում։
Էդմոն Մարուքյան, ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար - Վարչապետը, ի պատասխան սեղմ ժամկետներում ընտրությունների կազմակերպման մեր պահանջի, առաջարկել է հունիսի 20-ը քննարկել որպես ընտրությունների օր` վերջնաժամկետ։ Իմ կողմից նշվել է, որ սկզբունքային է ընտրությունների անցկացումը սեղմ ժամկետում և դրանք մինչև աշուն կամ 2023 թվականը չթողնելը։
Պատերազմից հետո Փաշինյանի հրաժարականը պահանջող ու մարտի 1-ից Ազգային ժողովի դիմաց վրանային պայքար սկսած «Հայրենիքի փրկության շարժումը» դեռ դիրքորոշում չի հայտնել, դաշնակցական Գեղամ Մանուկյանի փոխանցմամբ՝ կհրավիրեն մամուլի ասուլիս։ Միասնական որոշում չկա, բայց նախաձեռնության 17 ուժերից մի քանիսն արդեն հայտարարում են քաղաքական գործընթացներից անմասն չմնալու մասին։ Նախկին իշխանությունից՝ «Հանրապետական» կուսակցությունից, ասում են, երբ պաշտոնապես կնշանակվի արտահերթի օր, իրենց կարծիքը կարտահայտեն։
«Հանրապետականի» խոսնակն այսօր չմեկնաբանեց իրենց՝ արտախորհրդարանականների փողոցային պայքարին միացած միակ խորհրդարանական ուժի՝ «Բարգավաճ Հայաստանի» ղեկավարի հայտարարությունն ու որոշումը։ Մինչդեռ «Հայրենիքի փրկության շարժումն» այս ընթացքում մշտապես դեմ է եղել, որ արտահերթը Փաշինյանի գլխավորած իշխանությունը կազմակերպի՝ պնդել է, որ այդ գործը կարող է վստահել ժամանակավոր կառավարության վարչապետի սեփական թեկնածուին։ Ու չնայած մինչև հիմա հնչեցրած գնահատականներին, հունիսի 20-ի ընտրությանը մասնակցելու է նաև նորաստեղծ «Հայրենիք» կուսակցությունը։ Դրա նախագահ Արթուր Վանեցյանի խոսքով՝ ձևաչափը կորոշեն քննարկման արդյունքում։ Որոշում ունի՝ արտահերթին չի մասնակցի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ-ը:
Այս օրերին շրջանառության մեջ է դրված նաև ընտրական նոր օրենսգրքի նախագիծը, բայց կների՞ արդյոք ժամկետը, որ իշխանությունը արտահերթի գնա նոր փոփոխությունններով, դեռ հայտնի չէ։ Իսկ եթե արտահերթը կազմակերպվի գործող օրենսգրքով, ապա քարոզարշավը կտևի ընդամենը 14 օր։
Ու որպեսզի արտահերթը լինի վարչապետի այսօրվա հրապարակած օրը՝ հունիսի 20-ին, Փաշինյանն, ըստ հաշվարկների, պետք է հրաժարական տա մինչև ապրիլի վերջ։ Դրանից հետո, մայր օրենքով, խորհրդարանը 2 շաբաթում, երկու անգամ անընդմեջ պետք է չընտրի վարչապետ, արձակվի իրավունքի ուժով ու նախագահի հրամանագրով նշանակվի ընտրության օր։ Ըստ Սահմանադրության, ընտրությունն անցկացվում է խորհրդարանի ցրվելուց ոչ շուտ, քան 30 և ոչ ուշ, քան 45 օր հետո։