Հայաստանի նախկին Կառավարության հերթական ներդրումային ծրագրերից մեկը ձախողվել է, ու մարտի 18-ին կառավարությունը որոշում կայացրեց փակել դրա համար հիմնած պետական ընկերությունը՝ «Պետական լոտո» ՓԲԸ-ն, որի հիմնադրման մասին
ազդարարվել էր 2011-ին։
Պետության և մասնավոր ընկերության կողմից 2011-ին հիմնադրվել էր «Պետական լոտո» ՓԲԸ-ն, որը պետք է ազգային վիճակախաղ ներդներ ու հիմներ շահումով խաղերի սարքավորումների վերահսկողության միասնական համակարգ։ 10 տարի անց Հայաստանում ոչ ազգային վիճակախաղն է ստեղծվել, ոչ էլ շահումով խաղերի վերահսկողության միասնական համակարգ է ներդրվել:
Ինչպես էր կառավարությունը փորձում ստեղծել պետական լոտո
«Պետական լոտո» ՓԲԸ-ն հիմնվել է 2011-ի հոկտեմբերին՝ կառավարության համապատասխան
որոշմամբ։ Վիճակախաղերի վերահսկման համակարգի ներդրման ու պետական վիճակախաղի հիմնման նպատակով ստեղծված ընկերությունը, ըստ կառավարության, պիտի ունենար 200 միլիոն դրամ կանոնադրական կապիտալ։ «Պետական լոտո»-ի բաժնետոմսերի 50 տոկոսը պատկանում է կառավարությանը, իսկ մյուս 50 տոկոսը «Ամայա-Արմենիա» ՍՊԸ-ին, որը Կանադայում գրանցված «Ամայա գեյմինգ գրուպ»-ի հիմնադրած ընկերությունն էր։ «Ամայա գեյմինգ գրուպ»-ը շահումով խաղերի, վիճակախաղերի ու ինտերնետ խաղերի խոշոր ընկերություն է՝ հիմնված Կանադայում։ Այժմ ընկերությունը կոչվում է «Սթարս գրուպ»։ Ըստ կառավարության որոշման և «Ամայա-Արմենիա»-ի միջև ստորագրված պայմանագրի՝ ընկերության կանոնադրական կապիտալը պետք է կազմեր 200 միլիոն դրամ։ Իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրից տեղեկանում ենք սակայն, որ «Պետական լոտո»-ի երկու բաժնետերերից մեկը՝ կա’մ պետությունը, կա’մ մասնավորը չեն կատարել իրենց պարտավորությունն ու կանոնադրական կապիտալում գումար չեն ներդրել։
Վիճակախաղը Հայաստանում հատուկ լիցենզավորման ենթակա գործունեություն է, սակայն «Պետական լոտո»-ն կամ «Ամայա-Արմենիա»-ն այդպես էլ չեն լիցենզավորվել որպես վիճակախաղեր կազմակերպող ըներություններ։ Ըստ զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տվյալների՝ «Պետական լոտո»-ն վերջին 3 տարիներին ունեցել է միայն մեկ աշխատակից։ Միակ աշխատակիցը ընկերության տնօրենն է՝ Սեդա Նահապետյանը, որը նշանակվել է այս տարվա սկզբից։
Հիմնելով «Պետական լոտո»-ն՝ կառավարությունն ակնկալում էր, որ ընկերության գործունեության ու համապատասխան պայմանագրի իրականացման դեպքում 2012-ին պետական բյուջեն կավելանա 2, իսկ 2103-ին՝ 7 միլիարդ դրամով։ Կանադական ընկերության հայաստանյան դուստր ընկերությունն իր հերթին գործունեությունը Հայաստանում դադարեցրել է 2014-ին։
Կառավարությունը լուծարում է «Պետական լոտո»-ն
Հարցն ընդգրկված էր կառավարության մարտի 18-ի նիստի օրակարգում՝ չզեկուցվող ընթացակարգով։ Ֆինանսների նախարարությունը որոշման հիմնավորումներում նշել է՝ «վերջին տարիներին ընկերությունը որևէ գործունեություն չի իրականացնում ու դրա հետագա գոյությունը ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության համատեքստում գնահատվում է ոչ նպատակահարմար»։ ՓԲԸ-ի գործունեության տապալման մանրասներ համապատասխան որոշման մեջ չեն նշվում։ Կառավարությունը հայտնել է նաև, որ ընկերության տնօրենի հետ պայմանագիրը լուծվել է, հարկային պարտավորությունները մարվել, ընկերությունը շարժական ու անշարժ գույք չունի, իսկ բանկային հաշվում առկա դրամական միջոցները կազմում են 30 միլիոն դրամ։