Կառավարության այսօրվա նիստին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը ներկայացրեց Զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման միջոցառումների ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին հարցը:
Նախագծի ընդունումը բխում է Արցախի դեմ սանձազերծված վերջին պատերազմի և, առհասարակ, զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց հիմնական իրավունքները պաշտպանելու և նրանց սոցիալական ներառումն ապահովելու անհրաժեշտությունից՝ նշեց նախարարը:
«Պատերազմի հետևանքով վիրավորում ստացած կամ հաշմանդամություն ձեռք բերած անձինք հասարակական կյանքում առերեսվելու են նոր իրականությանը, երբ տարբեր միջավայրային և անհատական գործոնները կարող են խոչընդոտել նրանց ինքնուրույն և անկախ կյանք վարելու կարողությանը:
Ֆունկցիոնալությունը վերականգնելու նպատակով նրանք վերականգնողական բուժում են ստանում մի շարք վերականգնողական կենտրոններում, որոնք գտնվում են Երևանում, սակայն նրանց սոցիալական ներառմանն ուղղված միջոցառումները բավարար չեն հասարակական կյանքում լիարժեք մասնակցությունն ապահովելու համար: Համակարգված, հասցեական և համալիր իրականացված միջոցառումները կարող են նվազագույնի հասցնել նրանց խնդիրները, վերացնել միջավայրային արգելքները, նպաստել նրանց՝ մարդու իրավունքների լիարժեք իրականացմանը»,- նշեց Առաքելյանը:
Միջոցառումների ծրագրով մշակվել են գործողություններ՝ ուղղված զինվորական ծառայության հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական ներառմանն ու անկախ կյանքի ապահովմանը՝ սոցիալական, զբաղվածության, կրթական, մշակութային և տնտեսական ծրագրերի և միջոցառումների ամբողջության միջոցով։
«Նախատեսվում է ստեղծել անկախ կյանքի կենտրոններ, որտեղ ծառայություններ կմատուցվեն պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց: Այդ կենտրոններում կիրականացվեն հաշմանդամություն ձեռք բերած անձանց ինքնուրույն կենցաղավարման ծրագրեր, անձնական օգնականի, մասնագիտական կողմնորոշման և կարիերայի պլանավորման ծառայություներ: Առաջին փուլում այդպիսի կենտրոններ նախատեսվում է ստեղծել 6 մարզում»,- նշեց նախարարը: