Ես քաղաքական խրամատը չեմ լքի՝ այսօր դատական նիստից առաջ հայտարարել է Հայաստանի երրորդ նախագահ, «Դիզելի գործով» կես միլիարդ դրամ հափշտակության կատարումը կազմակերպելու համար մեղադրվող Սերժ Սարգսյանը:
Նա իշխանությանը մեղադրել է իր նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացնելու համար և համոզմունք հայտնել, որ դրա պատճառը Արցախի հարցն է:
«Այս հետապնդումները, ինչպես արդեն հրապարակավ ասել եմ, 2018 թվականից Հայաստանում մեկնարկած հակաղարաբաղյան գործողությունների շղթայի մի մասն էին, որոնց նպատակն էր վարկաբեկել Արցախյան պայքարի ակունքներում կանգնած մարդկանց, թաղել Ղարաբաղի հարցը և մեր ազգային իղձերը»,- ասել է Սարգսյանը:
Նա հայտարարել է նաև, որ «կապիտուլյանտները պետք է հեռանան»:
«Ժողովուրդը պետք է ընտրի պետականամետ կառավարություն, որն օր առաջ պետք է լծվի Հայաստանի անվտանգության և մեր քաղաքացիների բարեկեցության մակարդակների բարձրացման գործին: Այսօր ևս ունենք պրոֆեսիոնալ և մրցունակ թիմ և պայքարելու ենք մեր ազգային և ուժեղ պետության համար»,- հավելել է Սերժ Սարգսյանը:
Նրա խոսքով՝ իրենք այս երեք տարիների ընթացքում ունեցել են «կուսակցական կորուստներ, սակայն իրենք կոփվել են, շարքերը՝ բյուրեղացել»: