Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է Անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակարանային ֆոնդի հիմնախնդրի կանոնակարգման հայեցակարգը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը: Արդյունքում կհստակեցվեն անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակարանային ֆոնդի բնակիչների բնակարանային պայմանների բարելավման հարցում պետական քաղաքականության հիմնական մոտեցումները, որոնց կիրառման արդյունքում կբարձրանա խնդրի կանոնակարգման հասցեականությունը, առաջնահերթությունները և այլն:
Մասնավորապես, փաստաթղթով նախանշվել են խնդրի կանոնակարգման նպատակները և խնդիրները, որոնց համար առաջարկվող լուծումներն իրենց տեղը պետք է գտնեն հայեցակարգից բխող միջոցառումների ծրագրում ընդգրկված 7 հիմնական միջոցառման մեջ:
Ըստ հիմնավորման՝ միայն սեփականատերերի կամ միայն պետական միջոցներով այս խնդիրները հնարավոր չէ լուծել, և խնդիրն իրավական կանոնակարգման կարիք ունի, այդ թվում՝ գոյություն ունեցող իրավական ակտերի վերանայման միջոցով: Հիմնախնդրի մասով որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ են ակտուալ տվյալներ՝ բնակֆոնդի և դրա վիճակի վերաբերյալ:
Կարգավորման կարիք ունեն նաև այն դեպքերը, երբ քաղաքացիները բնակարան են ձեռք բերում անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակարանային ֆոնդում և ընտանիքների հնարավոր լայն կազմով հաշվառվում այդ հասցեում՝ նպատակ ունենալով որևէ ձևով օգտվել աջակցության ծրագրերից:
Նախորդ տարիներին ընդունվել և գործում են մի շարք իրավական ակտեր, որոնցում ընդհանուր առմամբ ամրագրվել են հիմնախնդրի շուրջ պետության կողմից իրականացվող քաղաքականության ուղղությունները: Այդ ուղղությունները, սակայն, հստակեցման և վերանայման կարիք ունեն:
ՀՀ մարզերից և Երևանի քաղաքապետարանից հավաքված տվյալների համաձայն՝ հանրապետությունում առկա է անբավարար տեխնիկական վիճակում գտնվող (3-րդ և 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող) ավելի քան 600 բազմաբնակարան շենք: Այսինքն՝ անբավարար տեխնիկական վիճակում է գտնվում հանրապետության մոտ 19000 բազմաբնակարան շենքերի 3.2 տոկոսը: Հանրապետության բնակավայրերում առկա է նաև քանդման ենթակա վթարային՝ 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող ավելի քան 1200 անհատական բնակելի տուն (որից մոտ
1000-ը՝ բնական աղետների հետևանքով):