Սահմանից սկսեց, սահմանին էլ ավարտեց զինծառայությունը հայկական բանակի գնդապետը: Արցախյան վերջին պատերազմում զոհված հրամանատար Թաթուլ Ղազարյանի անձնվեր պայքարն Արցախի համար գնահատվեց պետական բարձրագույն պարգևով:
Նախագահը Հայրենիքի շքնաշանը հանձնեց Ազգային հերոսի որդուն՝ Նարեկին, որ նախագահական էր եկել հորեղբոր հետ: 44-օրյա պատերազմին Արցախից օգնության կանչը գնդապետ Ղազարյանն անարձագանք չթողեց, մարտը վարեց զինվորի կողքին, կռվեց մինչև վերջին փամփուշտը:
Արմեն Սարգսյան (ՀՀ նախագահ) - «Քանի հայ ժողովուրդը կա, հայրդ կշարունակի ապրել: Եվ քո պարտականությունն է, տղաս, շարունակել այն, ինչ հայրդ քեզ է ժառանգել: Իսկ հայրդ քեզ ժառանգել է նվիրումով ծառայել հայրենիքին:
Հրամանատարը համոզված էր՝ սահմանն է հայրենիքի սիրտը: Ծառայեց զինված ուժերի տարբեր զորամասերում, կռվեց ամենաթեժ կետերում:
Վանյա Ղազարյան (ՀՀ ազգային հերոս Թաթուլ Ղազարյանի եղբայրը) - «Պահն անչափ հուզիչ է և պարտավորեցնող, միաժամանակ հպարտությունը պարուրված է կարոտով ու թախիծով: Սա ունի պարտավորեցնող խորհուրդ, մեզ թողեց նաև մեծ, պարտավորեցնող ժառանգություն՝ հայրենիքին հնարավորինս օգտակար լինելու խորհուրդ»:
Բանակի տարեդարձին հետմահու Ազգային հերոսի կոչում շնորհվեց Գուրգեն Դալիբալթայանին: Նախագահ Սարգսյանն ասաց՝ բախտ է ունեցել շփվելու գեներալ-գնդապետի հետ: Գուրգեն Դալիբալթայանն իր մեծ ավանդն ունեցավ զինված ուժերի ստեղծման գործում: Հարուստ գիտելիքն ու տասնամյակների փորձը ծառայեցրեց ազգային-ազատագրական պայքարին և բանակի հաղթանակներին:
Վարազդատ Դալիբալթայան (ՀՀ Ազգային հերոս Գուրգեն Դալիբալթայանի որդին) - «Իհարկե, հպարտության զգացում ունեմ այս պահին: Նրա մահից 6 տարի է անցել: Երբ Հայաստան եկավ, իր առջև մեկ խնդիր էր դրել՝ ծառայել հայրենիքին: Նա եկավ ամենակարևոր պահին՝ ներդրում ունենալով զինված ուժերի ստեղծման ու կայացման գործին»:
Պետական բարձր պարգև՝ Մխիթար Հերացու մեդալ շնորհվեց «Աստղիկ» բուժկենտրոնի ղեկավարին՝ համավարակի կանխարգելման, վերահսկման ու բուժման գործում ավանդի համար: Ասատուր Ասատրյանն ընդգծեց՝ եթե կարիք լինի, հիվանդանոցն իր ներուժով հիմա էլ պատրաստ է միանալ Քովիդի դեմ պայքարին:
Ասատուր Ասատրյան («Աստղիկ» բժշկական կենտրոնի տնօրեն) - «Մեծ ծավալի հիվանդների ընդունեցինք, մեկ հարկաբաժին առանձնացվել էր կորոնավիրուսի բաժանմունքի հետ: Գործակցում ենք նախարարության հետ, եթե մահճակալները չեն բավարարում, բացում ենք: Պարգևը բոլորինն է, մեր անձնակազմինը՝ մայրապետ, բուժքույր, ամբողջ կոլեկտիվինը»:
Արմեն Սարգսյանը համոզված է՝ նախագահականից նրանք դուրս են գալու վստահ, որ հայրենիքին ծառայելը երբեք աննկատ չի մնա:
Արմեն Սարգսյան (ՀՀ նախագահ) - «Պետք է իմանաք, որ մեր ժողովուրդը գնահատում է ձեզ: Ով նվիրումով է աշխատում, պետք է շնորհակալություն ստանա»:
Հերոս հրամանատարի 16-ամյա որդու հետ Արմեն Սարգսյանը պայմանավորվեց կրկին հանդիպել՝ խոսելու հոր սխրանքի մասին: