Կյանքի կենտրոններ՝ հաշմանդամություն ստացած զինվորների համար: Կառավարության նիստի օրակարգում առաջնահերթ են պատերազմի ժամանակ հաշմանդամություն ստացած զինվորները: Ընդունվում է նախագիծ, որ նոր կենտրոններ կառուցվեն՝ զինվորների կենցաղն ինքնուրույն դարձնելու, մասնագիտություն ընտրելիս՝ կողմնորոշվելու, կարիերան պլանավորելու համար: Ծրագրի առաջին փուլով կենտրոնները կգործեն մեր երկրի 6 մարզում:
Մեսրոպ Առաքելյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար) - Ֆունկցիոնալությունը վերականգնելու նպատակով նրանք վերականգնողական բուժում են ստանում մի շարք վերականգնողական կենտրոններում, սակայն դրանք գտնվում են Երևանում:
Մեկ այլ որոշմամբ պատերազմում զոհվածների, անհետ կորածների կամ վիրավորների ընտանիքներից կատարողանի վարույթի ծախսեր չեն գանձվի, եթե մինչև 2020-ի դեկտեմբերի 31-ը ունեցել են վարկային պարտավորություններ:
Արցախի համար ևս մեկ որոշում. Բարձր տեխնոարդյունաբերության նախարարությունից ռադիոկապի միջոցներ կնվիրաբերվեն Արցախին:
Կառավարությունը նաև արգելեց առանց համապատասխան թույլտվության օգտագործել անօդաչու թռչող սարքեր, տեսալուսանկարահանել սահմանակից պետության տարածքը, սահմանային շերտում տեղակայված ինժեներական կառույցները և արգելափակոցները, սահմանապահ զորքերի շենք-շինությունները, դիտաշտարակները, տրանսպորտային միջոցները:
Ներդրումային ծրագրերից. Կոտայքի մարզի Զովունի գյուղում բնակելի թաղամաս կկառուցվի: «Մագնոլիա-Կոմֆորտ» ընկերությունն իրականացնելու է մոտ 11.9 մլրդ դրամի ներդրում: Եղվարդում կգործի նաև դպրոց, մանկապարտեզ, խաղահրապարակ: Այդ տարածքում կկառուցվի 18 բնակելի և մեկ հասարակական շենք: Թաղամասը պատրաստ կլինի 5 տարուց:
Բանապահպանական գլխավոր լուրը. Սևանա լճի մակարդակը բարձրացել է 15 սանտիմետրով, ինչն, ըստ նախարարի, աննախադեպ է: Ցուցանիշը գրանցվել է նաև ոռոգման սեզոնի կանոնակարգված ջրառի արդյունքում: Իսկ տեղական բիզնեսին օգնելու համար Սևանում կիրականացվի սիգի և խեցգետնի փորձարարական որսի երկրորդ փուլը՝ խստացված կանոններով:
Նիստից հետո լրագրողները նաև հետաքրքրվում են՝ հնարավո՞ր է Ամուլսարի հանքը շահագործվի: Վարչապետը վերջերս էր անդրադարձել խնդրին, որ վերջնական որոշում դեռ չկա:
Ռոմանոս Պետրոսյան (ՀՀ շրջակա միջավայրի նախարար) - Կարող եմ երաշխավորել, որ եթե Քննչական կոմիտեի վարույթում գտնվող քրեական գործը վեր հանի այնպիսի փաստեր, որոնք կասկածի տակ կդնեն շմագը, վտանգավոր թափոնների տեղադրման թույլտվությունները, կասկածի տակ կդնեն ջրօգտագործման թույլտվությունները, ապա ես՝ ինքս, ամենախիստ հակադարձումը կանեմ:
Եվ դեռ չավարտված առողջապահական պատերազմի մասին. Կորոնավիրուսի դեմ պատվաստումներ ստացել են բուժկենտրոնների մի շարք աշխատողներ, Հայաստանում այս պահին միայն ռուսական «Սպուտնիկ-V»-ն է, АstraZeneca պատվաստանյութը, որ մի շարք երկրներ արգելել են, Հայաստան չի էլ ներկրվել:
Անահիտ Ավանեսյան (Առողջապահության նախարար) - Մենք մշտադիտարկում ենք անում, հետպատվաստումային հսկողություն ենք անում, սուր կողմնակի երևույթ չեն գրանցել:
Այնինչ գրանցվել է կորոնավիրուսի կրկնավարակի 300 դեպք,տեղեկացնում է առողջապահության նախարարը: Դեպքերի աճի պատճառն ուսումնասիրում են, դրան զուգահեռ ավելացնում մահճակալների թիվը, բայց ռեսուրսներն անսպառ չեն: