ՀՀ ԳԱԱ «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի գիտաշխատող Սուրեն Հոբոսյանի ղեկավարած «Խաղողագործության մշակույթը Հայաստանում. ավանդույթ և արդիականություն» գիտական թեմայի շրջանակում լույս է տեսել «Խաղողի և գինու հայոց մշակույթը» գիրքը: Գիտական թեման ֆինանսավորվում է ՀՀ գիտության կոմիտեի կողմից:
Աշխատությունը, որը հրատարակվել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի հրատարակչությունում, Սուրեն Հոբոսյանի, Բորիս Գասպարյանի, Հասմիկ Հարությունյանի, Անի Սարատիկյանի և Անժելա Ամիրխանյանի հեղինակած և Հայաստանի խաղողագործական ու գինեգործական բազմադարյան ավանդույթը ներկայացնող երրորդ գիրքն է, որը, ներառելով նաև հայ և օտարերկրացի գիտնականների վերջին տարիների ուսումնասիրությունները, հնարավորություն է ստեղծում նորովի դիտարկել խաղողագործության մշակույթը ժամանակի քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային իրողությունների ամբողջական խորապատկերում:
Խաղողն ու գինին բացառիկ դեր են խաղացել հայ ժողովրդի բազմադարյան պատմության ընթացքում՝ դառնալով նրա ինքնությունը կերտող կարևոր բաղադրիչներից: «Խաղողի և գինու հայոց մշակույթը» գրքում հանգամանորեն ներկայացված են տեղեկություններ Հայաստանի տարածքում խաղողագործության ձևավորման, կայացման, Հայաստանի խաղողագործական գոտիների ու լանդշաֆտների, գինու արտադրական համալիրների՝ հնձանների, դրանց կառուցվածքային առանձնահատկությունների, տեղաբաշխման ու շահագործման, գինու պատրաստման տեխնոլոգիաների, պահեստավորման, տեղափոխման և սպառման վերաբերյալ: Առանձին գլուխներով ներկայացվում են խաղողը և գինին հայոց ծեսերում, հավատալիքներում և բանահյուսության մեջ, գինու և նրա վերամշակման արդյունքում ստացվող մթերքի բուժական հատկությունները, ժողովրդական բժշկության ու սննդի մեջ կիրառությունը և այլն: Գիրքը եզրափակվում է հայկական խաղողի տեսակները և գինու ժողովրդական որակումները ներկայացնող ցուցակներով և խաղողին ու գինուն առնչվող անվանումների բառարանով:
Հսկայական փաստագրական նյութ և նկարներ պարունակող գիրքը նախատեսված է ոչ միայն մասնագետների, այլև մշակույթով և արվեստով հետաքրքրվող ընթերցող լայն շրջանակների համար:
Գրքի հեղինակները, ընդգծելով խաղողի մշակության և գինու արտադրության տնտեսական նշանակությունը, մասնավորապես առաջարկում են պետական ծրագրով Դալմայի այգիների տարածքում ստեղծել «Խաղողի և գինու ազգային մշակութային կենտրոն»՝ իր այգիներով, հնձաններով, մառաններով, գինու մատուցման ու համտեսի ազգային եղանակներով, ծեսերով ու արարողություններով:
Գրքի տպագրությունը հնարավոր է դարձել ՀՀ ԳԱԱ «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի գիտաշխատող Սուրեն Հոբոսյանի ղեկավարած «Խաղողագործության մշակույթը Հայաստանում. ավանդույթ և արդիականություն» թեմայի իրականացման նպատակով պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում ՀՀ գիտության կոմիտեից ստացված դրամաշնորհի, ինչպես նաև «Գֆոելլեր» հիմնադրամ-ընկերության ֆինանսական աջակցության շնորհիվ: Գրքի կազմման աշխատանքներին խորհրդատվությամբ և տրամադրած նյութերով մասնակցել են բազմաթիվ անհատներ ու կազմակերպություններ՝ «Արենի-1-քարայր» կոնսորցիումի, ԿԳՄՍ նախարարության, թանգարանների և արխիվների աշխատակիցներ, օտարերկրյա գործընկերներ և այլն: