Իսրայելում հայկական համայնքի միությունը բողոքի ակցիա է կազմակերպել ընդդեմ Elbit Systems պաշտպանական էլեկտրոնիկայի միջազգային ընկերության, որի արտադրած զենքը մատակարարվում է Ադրբեջանին:
Հայտնի է, որ Իսրայելն ապահովել է Ադրբեջանի զինված ուժերի սպառազինության 60 տոկոսը, այդ թվում՝ ԱԹՍ-ներ, կասետային ռումբեր, որոնց օգտագործումն արգելել է մոտ 100 երկիր: Արցախյան պատերազմի ժամանակ Ադրբեջանն օգտագործել է իսրայելական արտադրության սպառազինություն՝ անմեղ քաղաքացիներին, այդ թվում՝ կանանց, երեխաներին և տարեցներին, ինչպես նաև հիվանդանոցներն ու եկեղեցիները թիրախավորելու համար:
Ներկայումս Իսրայելի ռազմարդյունաբերության ղեկավարությունը Ադրբեջանի հետ բանակցություններ է վարում ևս մեկ ռազմական գործարք կնքելու ուղղությամբ, հետևաբար՝ Իսրայելի հայկական համայնքը չի կարող անտարբեր կեցվածք ընդունել:
Իսրայելում հայկական համայնքի ներկայացուցիչները հավաքվել էին Elbit Systems ընկերության շենքի դիմաց՝ Իսրայելի իշխանություններից պահանջելով դադարեցնել Ադրբեջանի բռնապետական ռեժիմին զենքի մատակարարումը: