Վարչական դատարանը բավարարեց գեներալ գնդապետ Օնիկ Գասպարյանի գործով հայցի ապահովման միջոց կիրառելու մասին փաստաբանի միջնորդությունը, որով պահանջվել էր կասեցնել Գասպարյանի պաշտոնանկությունը՝ մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը։
Մարտի 10-ին կառավարությունը հայտարարություն էր տարածել, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է պաշտոնից ազատված: Օնիկ Գասպարյանը դիմել է վարչական դատարան։ Կառավարությունն այսօր վերահաստատեց՝ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը սահմանադրական նորմի հիմքով մարտի 10-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
ՀՀ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ համապատասխան ակտը՝ տվյալ դեպքում ՀՀ նախագահի հրամանագիրը, ուժի մեջ է իրավունքի ուժով: Սահմանադիրը նշված սահմանադրական նորմի ուժով ուժի մեջ մտած ակտի շրջադարձի հնարավորություն չի նախատեսել։ Հետևաբար, Օնիկ Գասպարյանն ազատված է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից, իսկ ՀՀ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ընթացակարգով՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նոր պետի նշանակման գործընթացը շարունակվում է։
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ևս պնդում է՝ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի ազատման գործընթացն ավարտված է:
«Լուսավոր Հայաստանից» Տարոն Սիմոնյանը հիշեցնում է՝ կանխատեսում էր նման սցենար, իսկ Կառավարության պնդումների հետ համաձայն չէ, ասում է՝ գործադիրը վեճի կողմ է և բնական է, որ պետք է առարկություններ ներկայացներ:
Վարչական դատարանի որոշումն անօրինական է որակում խորհրդարանի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պարտականությունները, Սիմոնյանի պնդմամբ, կատարում է ժամանակավոր պաշտոնակատարը: Փաստաբանի փոխանցմամբ, սակայն, Օնիկ Գասպարյանն այսօր աշխատանքի է գնացել: