Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի և փոխնախարար Սամվել Գալստյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց. նման որոշում է կայացրել Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Վահե Միսակյանը:
Նախկին պաշտոնյաները մեղադրվում էին 1 մլն դոլարի դիզվառելիքի հափշտակման գործով: Կարապետյանի և Գալստյանի հարազատներն այսօրվա դատականի նիստում դիմում էին ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը մահվան հիմքով դադարեցնելու վերաբերյալ: Սամվել Գալստյանը և Սերգո Կարապետյանը մահացել են 2021-ի ձմռանը:
Դատարանի որոշմամբ վերացվեց նաև Սերգո Կարապետյանի և Սամվել Գալստյանի անշարժ գույքի վրա դրված կալանքը:
Հիշեցնենք, որ այս քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում է 5 անձ: Նրանցից 4-ին՝ Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանին և նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպել, դրդելը, օժանդակելը), իսկ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը):