Մարտի 18-ին Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է Արցախի հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ: Խորհրդարանի ղեկավարը կարևորել է եկեղեցու դերը հայապահպանության, Արցախի ժողովրդի միավորման, հոգևոր անվտանգության ապահովման գործում:
Արթուր Թովմասյանը իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի ենթակայության տակ անցած տարածքներում մեր եկեղեցիների ճակատագրի կապակցությամբ՝ մեծ ցավով նշելով Շուշիի Կանաչ ժամ եկեղեցու ավերման վանդալիզմի մասին:
Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը կիսել է օրենսդիր մարմնի ղեկավարի մտահոգությունը: «Ցավոք, դարերի ընթացքում ձեռագիրը նույնն է մնացել և դեռ ավելի է վատացել»,- ասել է Արցախի հոգևոր առաջնորդը:
Մայր աթոռ Սբ Էջմիածնում ևս մտահոգ են, ՄԱԿ-ում դատապարտել են Ադրբեջանի վանդալիզմը: Արցախի հոգևոր հովիվը կարևորել է այս բարդ ժամանակահատվածում ազգի միաբանությունը, Ազգային ժողով-բանակ-եկեղեցի փոխգործակցությունը: Հանդիպմանը ներկա է եղել Ազգային ժողովի փոխնախագահ Գագիկ Բաղունցը: