Հայաստանն ունի ևս երկու Օլիմպիական ուղեգիր։ Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի վարկանշային մրցաշարի կիսաեզրափակչում ազատ ոճային Արսեն Հարությունյանը 10։0 հաշվով հաղթեց ուկրաինացի Անդրեյ Յացենկոյին, իսկ 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը՝ 4։2 հաշվով Լեհաստանի ներկայացուցիչ Գաջիևին՝ ապահովելով Օլիմպիական ուղեգրեր։
57 կգ քաշային կարգում հանդես եկող Արսեն Հարությունյանը մինչև կիսաեզրափակիչ տոնել էր երկու հաղթանակ՝ առավելության հասնելով Բելառուսի ու Վրաստանի ներկայացուցիչների նկատմամբ: Իսկ 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը մինչև կիսաեզրափակիչ հաղթել էր բուլղարացի ըմբիշին, ապա 1։5 հաշվով պարտվելիս՝ կարողացել էր 7։5 հաշվով դժվարին հաղթանակ տանել բելառուս մրցակցի նկատմամբ:
Քառորդ եզրափակչում Թևանյանը 6։4 հաշվով հաղթել էր աշխարհի, Եվրոպայի, Օլիմպիական չեմպիոն վրացի Վլադիմեր Խինչեգաշվիլիին։ Հայաստանի մյուս ներկայացուցիչներ 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը և 86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը պարտվել են։ Մրցաշարի եզրափակիչ գոտեմարտերը կայանալու են վաղը։