ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է Հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքի նախագիծը: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է լուծարել Հատուկ քննչական ծառայությունը:
«Իրավապահ մարմինների հետ քննարկման արդյունքում որոշվել է լուծարել Հատուկ քննչական ծառայությունը: ՀՔԾ-ի հետ ենք քննարկել՝ ուժը կորցրած ճանաչելով «ՀՔԾ մասին» օրենքը, ըստ այդմ՝ ամբողջությամբ վերանայվել են հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքի նախագծի մասին անցումային դրույթները»,- հայտարարեց նախարարը:
Բադասյանի խոսքով՝ կոռուպցիոն հանցագործություններով նախաքննությունը և գործերի բաշխումը անխոչընդոտ անցկացնելու նպատակով նախագծով որպես ժամանակավոր լուծում սահմանվել է, որ մինչև հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների մրցույթի իրականացումը և դրա արդյունքում նրանց պաշտոնի նշանակելը, Հատուկ քննչական ծառայության քննիչները ժամանակավորապես կնշանակվեն որպես Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչներ, 20 անձ այդ ընթացակարգով կնշանակվի:
Նա հավելեց, որ մրցութային կարգերի հաստատումից հետո ՀՔԾ քննիչներն այլ անձանց հետ հավասար պայմաններում պետք է մասնակցեն մրցույթի: «Նախատեսվում է, որ մինչև հոկտեմբերի սկիզբ կձևավորվի Հակակոռուպցիոն կոմիտեն»,- մանրամասնեց նախարարը:
Նախագիծն ստացավ դրական եզրակացություն և կքննարկվի Ազգային ժողովի առաջիկա քառօրյայի ընթացքում: