Արագ ու հարմար էլեկտրոնային առևտուրը մեր կյանք ներխուժեց հատկապես համավարակից հետո: Թվերը հուշում են, որ այդ օրերի օնլայն գնումները կրկնակի են եղել: ՊԵԿ-ը որոշել է հեշտացնել գործը՝ 3 նորույթ ներկայացնելով: Մաքսային մարմինները ծառայությունը կիրականացնեն «Հայփոստի» բաժանմունքում շաբաթվա 6 օրերին՝ առավոտյան 9-ից երեկոյան 9-ը: Իսկ Ապրիլի 1-ից քաղաքացիներն իրենք կընտրեն առաքումը ստանալու ժամը՝ անգամ աշխատանքային օրվա ավարտից հետո:
Առևտրի դասական կենտրոններն աստիճանաբար իրենց տեղը զիջում են ավելի նորարարական՝ վիրտուալ խանութներին: Համավարակի ազդակներց մեկն էր, որը ստիպեց մեր երկրում զարգացնել էլեկտրոնային առևտուրը: Նախորդ տարի 2019-ի համեմատ Հայաստանի քաղաքացիներն արտերկրից էլեկտրոնային առևտրի միջոցով գրեթե 2 անգամ ավելի շատ ապրանք են ձեռք բերել: Որ վիրտուալ խանութի իրական ապրանքը արագ ու հարմար հասնի հասցեատիրոջը՝ ՊԵԿ-ը 3 նորույթ է պատրաստել՝ ավելացնելով «Հայփոստի» փոխանակման կենտրոնի աշխատաժամերը:
Գարիկ Մինասյան (Արևմտյան մաքսատուն-վարչության պետ) - Մաքսային մարմիններն այսուհետ ծառայությունը կիրականացնեն «Հայփոստի» փոստային բաժանմունքում շաբաթվա 6 օրերին՝ առավոտյան 9-ից մինչև 21:00-ն:
Առցանց խանութ նախընտրողների համար ժամային սահմանափակումը ամենամեծ խնդիրն էր: Ապրիլի 1-ից քաղաքացիները իրենք կընտրեն առաքանի ստանալու ժամը: կկարողանան պատվերը վերցնել նաև աշխատանքային ժամի ավարտից՝ 6-ից հետո: Ծանրաբեռնվածությունը կթեթևացնեն մաքսային ձևակերպում ու բացթողում իրականացնող նոր աշխատակիցները: Այս պահին բաժանմունքն օրական սպասարկում է 40-50 քաղաքացու: Քաղաքացիների հոսքը կանոնակարգելու համար կիրառվում է էլեկտրոնային համակարգ: ՊԵԿ-ը փոփոխություն է նախատեսել նաև փոխադրող ընկերությունների սպասարկման կարգում:
Գարիկ Մինասյան - Արևմտյան մաքսատուն-վարչության բացթողման բաժնի կողմից, որը տեղակայված է Կարգո տարածքում, կիրականացվի հսկողություն փոխադրող կազմակերպությունների կողմից տեղափոխվող ապրանքների և ծանրոցների նկատմամբ 24-ժամյա ռեժիմով՝ պահպանելով այդ գործողության անընդհատությունը:
Մաքսային բոլոր գործընթացները` ներմուծվող բեռի համար ապրանքային հայտարարագրի փաստաթղթային հսկողությունը, վճարների գանձումն ու բացթողումն ամբողջությամբ, կիրականացվեն մեկ կետում` փոստի փոխանակման կենտրոնում: Այսպես քաղաքացու համար ավելի հարմարավետ է՝ ասում են ՊԵԿ-ից: