ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկել է «Քայլ դեպի տուն» 2021 երկշաբաթյա ծրագիրը, որը հնարավորություն է տալիս սփյուռքի 13-18 տարեկան պատանիներին զարգացնել և ամրապնդել իրրենց ազգային ինքնությունն ու ավելի լավ ճանաչել հայրենիքը:
Ճամբարային ծրագիրը կմեկնարկի հունիսի 21-ին և 4 փուլով կընթանա մինչ օգոստոսի 14-ը աշխարհի տարբեր ծայրերից եկած սփյուռքահայ 200 պատանիների համար: Յուրաքանչյուր փուլ հագեցած կլինի հետաքրքիր միջոցառումներով, ներառյալ՝ արևելահայերենի և արևմտահայերենի դասընթացներ, այցելություններ Հայաստանի պատմական, մշակութային, կրթական հաստատություններ, գյուղական համայնքներ և այլն:
Հայտադիմումները բաց են այն սփյուռքահայ պատանիների համար, ովքեր ՀՀ քաղաքացի չեն (բացառությամբ՝ երկքաղաքացիություն ունեցողների) և նախորդ տարիներին չեն մասնակցել «Արի տուն» և «Քայլ դեպի տուն» ծրագրերին:
Ծրագրին միանալ ցանկացողներն իրենց նախընտրելի փուլին մասնակցելու համար պետք է շտապեն ավելի վաղ լրացնել հայտադիմումը: Հայաստանում 14-օրյա կացության բոլոր ծախսերը հոգում է ՀՀ կառավարությունը, ներառյալ՝ ճամբարը, սենյակը, սնունդը, այցելությունները և այլն: Մասնակիցներն իրենց հաշվին հոգալու են Հայաստան ժամանման և մեկնման տրանսպորտային ծախսերը, ինչպես նաև իրենց հաշվին ձեռք են բերելու երկշաբաթյա տուրիստական ապահովագրություն:
Մասնակցության հայտ կարելի է ներկայացնել յուրաքանչյուր փուլի մեկնարկից մինչև մեկ շաբաթ առաջ:
Եթե ցանկանում եք դիմել «Քայլ դեպի տուն» ծրագրին, խնդրում ենք լրացնել հայտադիմում: Ցանկացած հարցի պարագայում ազատ եղեք կապ հաստատել
[email protected] էլ. հասցեով կամ զանգահարել +374 10 515-517 հեռախոսահամարով: