ԱՄՆ Եկեղեցիների ազգային խորհուրդը հայտարարություն է տարածել Արցախի և հայ ռազմագերիների վերաբերյալ՝ կրկին վերահաստատելով Արցախի խաղաղ բանակցային գործընթացի կարևորությունը:
Եկեղեցիների ազգային խորհուրդը ԱՄՆ իշխանություններին կոչ է արել խիստ անհրաժեշտ մարդասիրական օգնություն տրամադրել Արցախի բնակիչներին: Ավելի քան 50 հազար քաղաքացի բռնի տեղահան է արվել իրենց տներից Թուրքիայի ու Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պատճառով:
Եկեղեցիների ազգային խորհուրդը դիմել է ԱՄՆ իշխանություններին՝ ակտիվ բանակցություններ սկսել՝ անվտանգ վերադարձնելու հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց, որոնք պահվում են 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի մասին հայտարարությունը խախտելով:
ԵԱԽ-ը նաև ԱՄՆ-ում քաղաքական ու հոգևոր բոլոր գործիչներին կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Խորհուրդը ողջունել է 101 կոնգրեսականների ստորագրած՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթընի Բլինքենին և ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինին ուղղված նամակը` նշելով Հայաստանում և Արցախում շարունակվող մարդասիրական ճգնաժամը հաղթահարելուն ուղղված քայլերի կարևորությունը:
Եկեղեցիների ազգային խորհուրդը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և պետքարտուղար Էնթընի Բլինքենին կոչ է անում հստակ քայլեր ձեռնարկել և բանակցություններ սկսել հայ ռազմագերիներին ու պահվող քաղաքացիական անձանց ազատ արձակելու ուղղությամբ: Նշվում է, որ չնայած հրադադարի հայտարարությամբ Ադրբեջանը պարտավորվել է ազատ արձակել ռազմագերիներին, սակայն Բաքուն հրաժարվում է կատարել համաձայնագրի դրույթները: Դեռևս ոչ հստակ տվյալների համաձայն՝ ավելի քան 200 հայ շարունակում է գերեվարված մնալ Ադրբեջանում: Նրանցից շատերը գերեվարվել են ռազմական գործողությունների ավարտից հետո: Հրապարակված տեսագրությունները վկայում են, որ պահվող անձինք ենթարկվում են կտտանքների և արժանանում են վատ վերաբերմունքի:
Խորհուրդը վշտացած է նաև հակամարտության ժամանակ եկեղեցիների և կրոնական այլ հուշարձանների ոչնչացման փաստից: Նշվում է, որ ադրբեջանական կողմը երկու անգամ մերժել է կրոնական հուշարձանների վայր այցելելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի խնդրանքը:
Խորհուրդն անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության թեմային, և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կոչ արել աջակցել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը: