Այսօր «Ազնավուր» հիմնադրամն ընդունել է շուրջ 105 տոննա մարդասիրական օգնություն` Արցախյան երկրորդ պատերազմից տուժած բնակչության համար: Օգնության այս նոր խմբաքանակը ևս Հայաստան է ուղարկվել Ֆրանսիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Ճգնաժամային աջակցության կենտրոնի աջակցությամբ՝ ծովային ճանապարհով, այնուհետև ցամաքային ճանապարհով փոխադրվել Երևան:
Հումանիտար բեռի մաքսազերծումը տեղում իրականացվել է «Ազնավուր» հիմնադրամի կողմից՝ կիրառելի օրենսդրությանը համապատասխան: Օգնության այս խմբաքանակը ներառում է բժշկական պարագաներ, մասնավորապես՝ ֆունկցիոնալ բժշկական մահճակալներ, ինչպես նաև հագուստ և հիգիենայի պարագաներ:
Ընդհանուր առմամբ, իր հումանիտար ծրագրի շրջանակներում «Ազնավուր» հիմնադրամի և վերջինիս շուրջ համախմբված գործընկեր կազմակերպությունների միջոցով Ֆրանիսայում և Շվեյցարիայում գտնվող 19 ընդունման կետերում հավաքվել է ավելի քան 175 տոննա մարդասիրական օգնություն: Այս աննախադեպ մոբիլիզացիան հնարավոր է դարձել ավելի քան 50 կազմակերպությունների և 100 նվիրատուների միասնության, համերաշխության և քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Հավաքված բեռի առաջին խմբաքանակը՝ 70 տոննա, Հայաստան էր ուղարկվել նոյեմբերից հունվար ամիսներին՝ հատուկ չվերթերով:
«Ազնավուր» հիմնադրամը համակարգում է բեռի նախնական պահեստավորումը և հետագա բաշխումը Հայաստանում: Նոյեմբեր, դեկտեմբեր և հունվար ամիսներին ուղարկված օգնության մի մասն ուղղակիորեն փոխանցվել է Հայաստանում բեռի վերջնական հասցեատեր կազմակերպություններին, մյուս մասը «Ազնավուր» հիմնադրամի կողմից բաժանվել է տուժած բնակչությանը:
Մինչև օրս (2021 թ. մարտի 18) Հայաստանի և Արցախի տարբեր մարզերում ապաստանած արցախցի ընտանիքների հետ աշխատող ավելի քան 20 տեղական կազմակերպությունների և մասնավոր նախաձեռնությունների միջոցով Հիմնադրամը 15.663 փախստականի ապահովել է առաջին անհրաժեշտության իրերով (հագուստ, հիգիենայի պարագաներ, ծածկոցներ):
Պատերազմի առաջին օրերից ի վեր «Ազնավուր» հիմնադրամը կենտրոնացրել էր իր բոլոր ռեսուրսներն ու կարողությունները՝ հազարավոր ընտանիքների նպատակային օգնություն ցուցաբերելու համար: Հիմնադրամն արդեն հասցրել է Արցախում և Հայաստանում գտնվող` պատերազմից տուժած բնակչությանը տրամադրել առաջին անհրաժեշտության պարագաներ՝ սնունդ, հագուստ, հիգիենայի միջոցներ։
Մեծ կարևորություն է տրվել նաև առողջապահության համակարգին թիրախային աջակցություն տրամադրելուն. մասնավորապես՝ 35 հիվանդանոց ստացել են բժշկական սարքավորումներ և առաջին անհրաժեշտության պարագաներ՝ 200+ վերականգնողական պարագաներ (անվասայլակներ, քայլակներ, հենակներ), 200+ բժշկական մահճակալ, 135.000 պաշտպանիչ դիմակ (K95), ինչպես նաև առաջին բժշկական օգնության 1000 փաթեթ՝ քաղաքացիական անվտանգության ապահովման համար: