Միացյալ Նահանգներն ու Եվրոպան խստորեն քննադատել են քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» գործունեությունն արգելելուն միտված Թուրքիայի իշխանությունների գործողություններն այն բանից հետո, երբ Եվրամիությունն առաջիկա գագաթնաժողովին պետք է քննարկեր Անկարայի հետ լարված հարաբերությունների թեման: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Թուրքիայի Սահմանադրական դատարան հայց է ներկայացվել՝ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» գործունեությունն արգելելու պահանջով՝ նրանց մեղադրելով քուրդ աշխարհազորայինների հետ կապ ունենալու համար:
Խստորեն դատապարտելով այդ քայլը՝ Եվրամիության ներկայացուցիչները, մեղմ ասած, զարմացած են, թե այս ամենից հետո ի՞նչ ակնկալիքներ ունի Թուրքիան, երբ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունները տարիներ շարունակ սառեցվել են:
Վերջին շրջանում ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն» ինտենսիվ ճնշումների է ենթարկվում Թուրքիայում:
Հիշեցնենք նաև, որ հայազգի քաղաքական գործիչ Կարո Փայլանը քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» անդամ է, և կուսակցության գործունեության կասեցումն ուղղված է նաև նրա դեմ: